Միջուկային անվտանգության խախտումները չեն ստանում ՄԱԳԱՏԷ-ի արձագանքը, եթե՝ ԱՄՆ կողմից են արվում. Վահե Դավթյան
Քաղաքական
17:32 23/06/2025
Տարածաշրջան

Միջուկային անվտանգության խախտումները չեն ստանում ՄԱԳԱՏԷ-ի արձագանքը, եթե՝ ԱՄՆ կողմից են արվում. Վահե Դավթյան

ԱՄՆ-ը բունկերային ռումբերով հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին։ Ի՞նչ ռիսկեր է իր մեջ պարունակում այդ հարվածները։ Արդյոք ճառագայթման վտանգ չկա, եթե հարստացված ուրանի ցենտրիֆուգներին հասցվեն հարվածները։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի  հետ։

Վ. Դավթյան-Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ ԱՄՆ հարվածները չեն հանգեցրել ռադիացիոն ֆոնի փոփոխման: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ Ֆորդո և Նաթանզ կայանների ներսում տեղադրված են ցենտրիֆուգներ, որոնցում մատակարարվում է ուրանի հեքսաֆտորիդ՝ նյութ, որը մի քանի փուլերով անցնելով հարստացման գործընթաց, հասնում է ուրան-235 իզոտոպի պահանջվող կոնցենտրացիայի։

Սակայն նույնիսկ այդ մակարդակում նյութը մնում է թույլ ճառագայթող: Իրականում հիմնական վտանգը պայմանավորված չէ ռադիացիայով, այլ ուրանի հեքսաֆտորիդով թունավորմամբ։ Այս նյութը կարող է առաջացնել քիմիական այրվածքներ մաշկի վրա, սակայն դրա արտանետումը մթնոլորտ չի հանգեցնում ռադիացիոն աղետի: Փոխարենը, այն պարունակում է թունավորման, բայց ոչ ճառագայթային վտանգ։

Panorama.am-ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը չի քննադատում միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները, բայց երբ տեղեկություն տարածվեց, որ Իրանը հասցրել է անվտանգ վայր տեղափոխել ուրանը և սարքավորումները՝ Գրոսին հայտարարեց, թե Իրանը պարտավոր է գործակալության մասնագետներին թույլ տա զննել դրանք։

Վ. Դավթյան-Իրանի միջուկային օբյեկտների վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գործողություններն առանձնանում է երկակի մոտեցումներով, որոնք վկայում են միջազգային միջուկային վերահսկողության համակարգի՝ ակնհայտ քաղաքականացման միտումների մասին։ Մասնավորապես, գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսի հայտարարություն առ այն, որ Թեհրանը պարտավոր է ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներին տրամադրել լիարժեք մուտք, ստեղծված իրավիճակում վկայում է այդ կառույցի միակողմանի մոտացման մասին: Այո, այդ պահանջը բխում է Իրանի՝ չտարածման պայմանագրի անդամ պետություն լինելու կարգավիճակից, ինչն իրենից ենթադրում է ստանձնած պարտավորությունների պահպանում՝ ներառյալ՝ միջուկային նյութերի վերաբերյալ ցանկացած փոփոխության մասին հաշվետվությունը և ստուգման հնարավորության ապահովումը։

Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Գրոսին և գործակալությունը որևէ քննադատություն չեն հնչեցրել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների կապակցությամբ։ Այս լռությունն անուղղակիորեն վկայում է ՄԱԳԱՏԷ-ի մոտեցումների միակողմանի բնույթի մասին, երբ միջուկային անվտանգության խախտումները չեն ստանում համարժեք արձագանք, եթե դրանք իրականացվում են ԱՄՆ կողմից։ Այս պարադոքսալ իրավիճակը հղի է լուրջ հետևանքներով՝ սկսած գործակալության ինստիտուցիոնալ վստահելիության էռոզիայից մինչև միջազգային վերահսկողության մարմինների նկատմամբ  վստահության անկումը։ Արդյունքում, հենց այս տեսակի երկակի ստանդարտներն են, որ Իրանի քաղաքական էլիտային մղում են քննարկելու չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը՝ վկայակոչելով դրա 10-րդ հոդվածով նախատեսված «բացառիկ հանգամանքները», որոնք սպառնում են երկրի ազգային գերագույն շահերին։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder