Ստեփանակերտի քաղաքապետի գործով վկան պատմեց, թե ինչպես է ձեռք բերել մեքենան
Իրավունք
15:18 23/06/2025
Հայաստան

Ստեփանակերտի քաղաքապետի գործով վկան պատմեց, թե ինչպես է ձեռք բերել մեքենան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ընթանում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու անդամների գործով դատական նիստը։

Դատարանն այսօր հարցաքննեց վկաներին։ Վկաներից Արմեն Շաբանյանն ասաց, որ ճանաչում է Դավիթ Սարգսյանին որպես Ստեփանակերտի քաղաքապետ, եղել է քաղաքպաետարանին կից գործող ջերմային տնտեսության տնօրեն։

Նա պատմեց, որ ջերմային տնտեսությունն ունեցել է երեք մեքենա՝ «Կամազ», «Գազ-31» և  «Միցուբիշի» պիկապ։

«Արցախից դուրս եմ եկել 2023թվականի սեպտեմբերի 27-ին պիկապով, մյուս մեքենաները մնացել են Արցախում, որովհետև վարորդ չի եղել, ինչպես նաև վառելիք»,- ասաց Ա. Շաբանյանը։

Նա նշեց, որ մեքենաները, այդ թվում՝ «Միցուբիշին», ձեռք է բերվել տնտեսման հաշվին. «Ապահովել ենք հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների, կառավարության ջեռացումը։ Մեզ պետությունն է վճարել»։

Հանրային մեղադրողի հարցին՝ Հայաստան տեղափոխվելուց հետո՝ ե՞րբ որոշեց, որ «Միցուբիշին» պետք է օտարվի իրեն, վկան պատասխանեց. «Ես լսեցի, որ նման որոշում է  դուրս եկել։ Դիմեցի պարոն Սարգսյանին, քանի որ կինս հիվանդ էր, պետք էր երրորդ անգամ վիրահատվեր, խնդրել եմ՝ թույլ տալ սեփականաշնորհել։ Դիմումս ընդունվել էր, ավագանու նիստ էր կայացել Երևանում ու որոշվել էր՝  օտարել։ Ինձ տրվեց ավագանու որոշումը, որը տարել ու հանձնել եմ ԳԱԻ-ի։

Մեքենան վաճառել եմ 1,5 ամիս հետո։  Գնորդն այդ մեքենայով գնացել է  Մոսկվա»։

Դատավորի հարցին՝ ինչո՞ւ «Կամազ»-ով չի տեղափոխվել Հայաստան,  այլ եկել է պիկապով,   նա պատասխանեց. «Վարորդ չի եղել, վառելիք՝ նույնպես, պիկապով եմ եկել, որովհետև դա էի կարողանում վարել։ «Կամազ» չեմ կարողանում վարել։ Բացի այդ, հնարավոր չէր «Կամազով» գալ, որովհետև վառելիք չկար»։

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2024թ. մայիսին։  Նա մեղադրվում էր Արցախից բերված մի քանի մեքենաներ իբր խարդախությամբ հափշտակելու համար։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց։ Պաշտպանության կողմը մեղադրանքի առաջին իսկ օրվանից հայտարարում էր դրա անհեթեթության մասին, քանի որ չկար ու չէր էլ կարող լիներ տուժող, ինչը պարտադիր է հափշտակության բոլոր հանցակազմերում։

2024թ. դեկտեմբերի վերջին քննչականը վերացրել էր խարդախության մեղադրանքը, սակայն Դ.Սարգսյանին և ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրել մեկ այլ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստեփանակերտի քաղաքապետի գործով վկան պատմեց, թե ինչպես է ձեռք բերել մեքենան