Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրված ու հարգված հոգևորականներից է, ով տարիներ շարունակ առաջնորդում է Շիրակի թեմը՝ քրտնաջան հոգևոր, ազգային ու հասարակական գործունեությամբ։ Նրա անունը խորապես դրոշմված է Գյումրի քաղաքի ու ամբողջ Շիրակի թեմի հավատացյալների սրտերում։
Ոչ մի գյուղ, ոչ մի տուն չկա Շիրակի թեմում, որտեղ նրան չեն ճանաչում։ Ամենահեռավոր գյուղերից սկսած՝ մարդիկ Սրբազանին տեսել են իրենց բնակավայրում՝ եկեղեցու շինարարությանն աջակցելիս, Սբ. Պատարագ մատուցելիս, կարիքավորներին զորակցելիս։ Իր անձը մշտապես ուղեկցել է ժողովրդին՝ ուրախության մեջ հովվական օրհնությամբ, վշտի մեջ՝ մխիթարությամբ»,-գրում է Տեր Սարգիս Սարդարյանը՝ ներկայացնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Քահանան շարունակում է.
«Միքայել Սրբազանը ճանաչվում է իր կուռ ու վճռական խոսքով, ազգային ու հոգևոր արժեքներին անմնացորդ նվիրվածությամբ։ Նա չի հեռացել երբեք ժողովրդից՝ լինի աղետ, լինի ուրախություն, լինի հասարակական բարդ իրավիճակ, նրա հստակ դիրքորոշումն ու հայրական ներկայությունը միշտ եղել են առաջնորդող ու վստահություն ներշնչող։
Շիրակի թեմում Սրբազանը միայն հոգևոր առաջնորդ չէ՝ նա բարեկամ է, սատարող հայր և ուղեցույց։ Սրբազանն ապրում է ժողովրդով, ապրում է այդ հողով ու հոգով, ինչպես իսկական հովիվ իր հոտի համար։
Եվ հիմա էլ՝ չնայած երկրում առկա բազմաթիվ սոցիալ-քաղաքական դժվարություններին ու հոգևոր պայքարներին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մնում է հավատարիմն իր կոչմանն ու առաքելությանը։ Նա պայծառ կերպով շարունակում է ցուցաբերել իր նվիրումը՝ առ հայրենին, պետությունն ու Սուրբ Եկեղեցին։
Նրա խոսքն այսօր էլ ունի համարձակ ու արդար հնչողություն: Սրբազանի մոտ նվիրումն արտաքին դրսևորում չէ՝ այն ներքին կրակ է, որ չի մարում՝ թե՛ աղետի պահին, թե՛ լռության ժամին։Այսօր էլ նույն խորությամբ ու բոցավառությամբ է, շարունակում ծառայել իր ժողովրդին, պաշտպանել ազգային ինքնությունն ու հոգևոր ժառանգությունը։
Սրբազանն այն հոգևորականն է, ով հասկանում է ժամանակի պահանջները, բայց երբեք չի զիջում հավիտենական ճշմարտություններին։ Եվ հենց այդ հավատարիմ ու աննահանջ նվիրմամբ է, որ այսօր էլ Միքայել Սրբազանը շարունակում է լինել Շիրակի թեմի կենդանի սյունը՝ եկեղեցու, պետության և ազգի միջև ճշմարիտ կամուրջը»։