Թրամփը ստորագրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկող գործադիր հրամանագիրը
Քաղաքական
10:01 01/07/2025
Աշխարհ

Թրամփը ստորագրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկող գործադիր հրամանագիրը

Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որով չեղարկվում էր Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը, որը, սակայն, չի վերաբերում այս արաբական երկրի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին և նրա հետ կապված անձանց: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից։

Ինչպես նշված է փաստաթղթում, սահմանափակումները կվերացվեն հուլիսի 1-ից, և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հանձնարարվել է հնարավորության դեպքում ապահովել, որ Դամասկոսի դեմ պատժամիջոցները նույնպես վերացվեն ՄԱԿ-ի շրջանակներում: Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարին հանձնարարվել է քննարկել Սիրիան ահաբեկչությունը հովանավորող երկրների ԱՄՆ ցուցակից հանելու հնարավորությունը: Ռուբիոյին նաև հանձնարարվել է ուսումնասիրել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը  և դրա առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային ԱՄՆ սև ցուցակում պահելու նպատակահարմարությունը։

Թրամփը հանձնարարել է նաև իր կաբինետին ձեռնարկել «լրացուցիչ քայլեր»՝ պատասխանատվության ենթարկելու նախկին սիրիական կառավարության այն անդամներին, ովքեր, ըստ Վաշինգտոնի, մեղավոր են պատերազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և թմրանյութերի մաքսանենգության մեջ: Հրամանը թույլ է տալիս պատժել նրանց, ովքեր, ամերիկյան վարչակազմի կարծիքով, տարբեր տեսակի աջակցություն են ցուցաբերել Ասադի կառավարությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը ստորագրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկող գործադիր հրամանագիրը