«Ժողովուրդ». Իշխանությունները ռեպրեսաները շարունակելու են
Օրվա մամուլ
08:47 08/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Իշխանությունները ռեպրեսաները շարունակելու են

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Իշխանությունները կանգ չեն առնելու, ՀՀ գլխավոր դատախազը ընդդիմադիր ևս երկու պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար կրկին խորհրդարան կգնա:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իրավապահներն այժմ զբաղված են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանին ու Իշխան Սաղաթելյանին ևս «ահաբեկչության գործում» ներգրավելու համար` որպես Բագրատ սրբազանի «ահաբեկչական» պլանների իրագործման գլխավոր «հերոսների»: Ընդ որում, դատախազը ԱԺ կգնա «Դաշնակցության» առաջնորդ Իշխան Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությամբ, իսկ Գառնիկ Դանիելյանի վերաբերյալ՝ միայն քրեական վարույթ հարուցելու համար անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Իհարկե, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը երեկ ավելի խիստ պատիժ սահմանեց Գառնիկ Դանիելյանի համար` հայտարարելով, թե նա է տվել Բագրատ սրբազանի տան վարձը, ինչը նշանակում է, որ հովանավորել է ահաբեկչությունը: Սակայն ՔՊ-ն քաղաքական որոշում ունի Գառնիկ Դանիելյանին չկալանավորել, իսկ Իշխան Սաղաթելյանին կալանքի տանել:

Երեկ ՔՊ-ականները քննարկում էին այն հարցը, որ հուլիսի 15-ից ԱԺ-ում սկսվելու են արձակուրդները, ու դեռ հստակ չէ, թե ՀՀ գլխավոր դատախազը երբ կգա. կհասցնի արդյոք մինչև հուլիսի 15-ը, թե կգա սեպտեմբերից մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում, դեռ պարզ չէ:

Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ընդդիմադիր կանայք ևս իշխանությունների թիրախում են, ու չի բացառվում՝ հրահանգվել է, որ ամեն գնով պատճառներ գտնեն, խնդիրներ բարձրացնեն, որոնցով հնարավոր կլինի նաև կանաց ներքաշել քրեական թեմաներում` զրկելով նրանց անձեռնմխելիությունից: Այդ մասին «Ժողովուրդ»-ը գրել էր դեռ հունիսի 6-ին:

Կարճ ասած՝ իշխանությունները ռեպրեսաները շարունակելու են բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կհամարձակվեն պարզապես քննադատել իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին: Պայքարի փոքրիկ օջախներն անգամ Փաշինյանը վերացնելու է 2026 թվականին ընդառաջ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Իշխանությունները ռեպրեսաները շարունակելու են