Իրավունքի պաշտպանության բոլոր մեխանիզմներն էլ իրացնելու ենք․ Արամ Վարդևանյան
Իրավունք
19:02 09/07/2025
Հայաստան

Իրավունքի պաշտպանության բոլոր մեխանիզմներն էլ իրացնելու ենք․ Արամ Վարդևանյան

«Նույնիսկ ամենից ոչ արդար դատաքննության ստանդարտով, որի շրջանակներում կարող էին այսպիսի կենցաղային բնույթի խոսակցությունների մեջ փորձել գտնել հիմնավոր կասկած այդ մեղսագրվող արարքներին, ապա հիմքերի տեսանկյունից անհնար էր գտնել, որ կալանքը պետք է լինի»,- այս մասին լրաագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ դատական նիստի ընթացքում առաջարկվել է  տնային կալանքը որպես խափանման միջոց դիտարկելը՝ համակցված գրավի հետ։

«Ընկալելի չէ դատական ակտը։ Այն չի կարող լինել իրավաչափ, չի կարող համապատասխանել իրավունքի պահանջին։ Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ քննչականի և դատախազության դիրքորոշման ռիսկերի տեսանկյունից որոշակի նահանջ դատարանն ապահովել է։ Այսուհանդերձ, դատարանի որոշմամաբ անձը 2 ամիս պետք է կալանավորված լինի, այն դեպքում, երբ 15 օր եղել է ազատության մեջ, դրսևորել է պատշաճ վարքագիծ, ողջամիտ չէ, համաչափ չէ, իրավաչափ չէ։ Իհարկե, ինքը՝ Արթուրը Սարգսյան, համոզված էր, որ կալանքի որոշումը գրված է՝ արդեն կիրառվելու է։  Այդ իմաստով վերջինիս ելույթը համապատասխանեց   իրականությանը»,- ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանը համոզված է, որ անկախ այն բանից, որ այս գործում գերակայում է քաղաքական բաղադրիչը, ի վերջո իրավունքը գերակայելու է։

«Սա իմ համոզմունքն է, և գործնականում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ անհավանական իրավիճակում իրավունքը գերակայել է։ Ես վստահ եմ, որ նույնն էլ լինելու է Արթուր Սարգսյանի դեպքում։ Մարդը գիտակցում էր, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելու, իրականացվելու, և 15 օր շարունակ անդադար պատշաճ վարքագիծ է դրսևորել, ո՞րն է իմաստը իրեն անպայմանորեն կալանավորել, այսինքն՝ այստեղ է ամբողջ հարցը։ Արթուրը Սարգսյանը, առավել ևս, կարծում եմ, իրեն ճանաչողները գիտեն, վերջինս ոչ ընկճվող տեսակն է, ոչ ընկրկող տեսակն է, իսկ իրավունքի պաշտպանության բոլոր մեխանիզմներն էլ իրացնելու ենք։Արդյունավետորեն կիրացնենք, կբախվենք անարդարությունների, վստահ եմ, բայց ի վերջո արդարություններ կգերակայի։ Բողոքարկման համար կան բոլոր հիմքերը»,- եզրափակեց փաստաբանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder