«Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես շատ իշխանականներ, հեղափոխությունից հետո նոր տան տեր է դարձել
Օրվա մամուլ
08:17 09/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես շատ իշխանականներ, հեղափոխությունից հետո նոր տան տեր է դարձել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես շատ իշխանականներ, հեղափոխությունից հետո նոր տան տեր է դարձել։ «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Ռոմանոս Պետրոսյանը մինչ 2018 թվականը՝ 2006-2007 թվականներին, աշխատել է «Հայր և որդի Երիցյաններ» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ դրանից հետո` 2009-2014 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխամասային վաճառքի գրասենյակում և այլ աշխատանքներ է արել: 2018թ. հունիսի 1-ին Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ։ 2020 թվականի հուլիսի 30-ին եղել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, այնուհետև 2021 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար:

Նկատենք, որ մինչև 2018 թվականը Ռոմանոս Պետրոսյանն ունեցել է 2001 թվականին ձեռք բերված բնակարան և 2014 թվականին ձեռք բերված հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզում։ 2019 թվականին` հեղափոխությունից մեկ տարի անց, Երևանի Արաբկիր վարչական շրջանում գնել է բնակարան 51 մլն 357 հազար դրամով՝ 133 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ արդեն 2023 թվականին Պետրոսյանը գնել է BMW մակնիշի մեքենա 8 մլն դրամ արժողությամբ. մեքենան 2017 թվականի արտադրության է։

ՊՎԾ պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 հազար եվրո և 7 մլն 420 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,8 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 995 հազար դրամ, որից 19 մլն 399 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից, իսկ 2 մլն 596 հազարը ՊԵԿ-ից ստացված եկամուտն է՝ որպես եկամտահարկի վերադարձ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 24 մլն 18 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի մարման համար էլ Պետրոսյանը ստացել է եկամտահարկի վերադարձ։ Վարկերի մարմանն ուղղվել է 2 մլն 596 հազար դրամ։

Ուշագրավն այն է, որ Ռոմանոս Պետրոսյանը «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Կառավարման Խորհրդի նախագահն է, իսկ Ռոմանոս Պետրոսյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, նույն ՊՈԱԿ-ում կազմակերպադաստիարակչական գծով փոխտնօրեն է աշխատում։

Շահերի բախում, իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի տեսնում: Ինչո՞ւ, որովհետև Ռոմանոս Պետրոսյանը քաղաքական ինքնուրույն մտածողությամբ երբեք աչքի չի ընկնում, անգամ իր հայրենի Կոտայքն է «փոխել»՝ այս տարվա մայիսին դառնալով «Տավուշ հայրենակցական միության» նախագահ: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզից է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder