Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալ Ջազիրա. Մայիսի վերջից ի վեր Գազայի հատվածում օգնության կետերում զոհվել է ավելի քան 770 մարդ, միայն նախորդ օրը 97 պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածում մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 770 պաղեստինցի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,այդ մասին հաղորդում է քատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
«Մայիսի 27-ից ի վեր Իսրայելի իշխանությունների կողմից Միացյալ Նահանգների մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) բաշխման կետեր դիմելիս զոհված բնակիչների թիվը գերազանցել է 770-ը»,-նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ալ Ջազիրան», միջազգային կազմակերպությունները մի քանի շաբաթ է, ինչ տագնապ են հնչեցնում այն բանի պատճառով, որ 2.1 միլիոն Գազայի բնակիչներ բախվում են սննդի աղետալի պակասի, իսկ օգնության մատակարարումները անկանոն են։
Մայիսի 18-ին Իսրայելի բանակը հայտարարեց Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում ռազմական գործողություններ սկսելու մասին՝ «Գեդեոնի կառքերը» անվամբ լայնածավալ ցամաքային գործողության շրջանակներում։ Դրա հայտարարված նպատակը Համասի շարժման վերջնական ջախջախումն է և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ամբողջ Գազայի հատվածը վերահսկողությունը ստանձնելու ծրագրերի մասին։