Մանրամասներ՝ Մխչյանի դպրոցում գրանցված դեպքից. աշակերտների օրգանիզմում թմրամիջոցի հետքեր չեն հայտնաբերվել
Իրավունք
16:48 11/07/2025
Հայաստան

Մանրամասներ՝ Մխչյանի դպրոցում գրանցված դեպքից. աշակերտների օրգանիզմում թմրամիջոցի հետքեր չեն հայտնաբերվել

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում 4-րդ դասարանի երկու աշակերտների օրգանիզմում թմրամիջոցի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանից։

Հիշեցնենք, որ մայիսի կեսերին զարհուրելի մի դեպքի մասին հայտնի դարձավ։ Մխչյանի բնակիչների պատմելով՝ «բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով»։

«Երեխաներից նմուշ է վերցվել, ուղարկվել փորձաքննության։ Փորձաքննության եզրակացության համաձայն, երեխաների օրգանիզմում թմրամիջոցի  հետքեր չեն հայտնաբերվել։ Սպիտակ փոշիանման զանգվածը, որը ստիպել են երեխաներին օգտագործել, ամեն դեպքում թմրամիջոց չի եղել»,- ասաց Կ. Ավդալյանը։

Նա նշեց, որ փոշիանման զանգվածը քննիչներին չի հասել, նրանց ձեռքի տակ չի եղել

 Հիշեցնենք, որ դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով:

«Երեքի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն, իսկ մեկ չափահասի նկատմամբ, ում մոտից հայտնաբերվել է մարիխուանա, տնային կալանք»,- ասաց Կ. Ավդալյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանրամասներ՝ Մխչյանի դպրոցում գրանցված դեպքից. աշակերտների օրգանիզմում թմրամիջոցի հետքեր չեն հայտնաբերվել