Ցավալի է, որ 2000-ամյա Եկեղեցու վրա արշավում է նույն այդ պետության իշխանությունը. Տեր Վաչագան
Հասարակություն
18:59 12/07/2025
Հայաստան

Ցավալի է, որ 2000-ամյա Եկեղեցու վրա արշավում է նույն այդ պետության իշխանությունը. Տեր Վաչագան

«Այս հանրահավաքի նպատակն է՝ Հայաստանի իշխանությունները հաշվի առնեն արցախցիների իրավունքները, խնդիրները լինեն Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում՝ համաձայնեցված արցախցիների հետ»,- Ազատության հրապարակում նախքան «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնած հանրահավաքի մեկնարկն ասաց  Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։

Տեր Վաչագանը եղել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն, այժմ ծառայում է  Մայր Աթոռում, մշտապես համագործակցում է Արցախի թեմի հետ։

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավին, Տեր Վաչագանն ասաց. «Ցավալի է, տխուր, որ 2000-ամյա եկեղեցու վրա հարձակվում է կամ արշավ  է  կատարում նույն այդ պետության իշխանությունը՝ իրականում խարխլելով հենց իր իսկ հիմքերը, քանի որ եկեղեցին միշտ եղել է պետականամետ, պետականակերտ, երբեք չի ձգտել, որ այդ իշխանությունը պատկանի իրեն կամ յուրացնի»։

Տեր Վաչագանը նաև նշեց, որ երբ արցախցիները խոսում են իրենց իրավունքների մասին, Հայաստանի իշխանությունները դրա մեջ իրենց դեմ ուղղված ինչ-որ մութ խաղեր են տեսնում, բայց արցախցիները երբեք չեն մոռացել իրենց հայաստանաբնակ հայրենակիցների լավությունները, հյուրընկալում, այդ երախտագիտությամբ հանդերձ փորձում են իրենց տարրական իրավունքներն իրականացված տեսնել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder