Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավելացել են լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումները, արձանագրվել է ֆիզիկական բռնության 2 դեպք. Զեկույց
«Հայաստանում երկրորդ եռամսյակը հասարակական-քաղաքական առումով բավականին լարված ժամանակահատված էր»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ 2025 թ երկրորդ եռամսյակի զեկույցը։
Նա նշեց, որ հասարակական-քաղաքական լարված մթնոլորտը ևս մեկ անգամ ի ցույց դրեց լրատավական դաշտի խիստ բևեռվածությունը։
«Լրագրողները, կախված քաղաքական կողմնորոշումներից, ճնումների են ենթարկվում, բարդություններ են առաջանում նրանց գործունեության ընթացքում։ Ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչները բարդ հարաբերություններ ունեն իշխանական պատգամավորների, պաշտոնյաների հետ, հաճախ կոնֆլիկտներ են առաջանում, հակառակը՝ իշխանության հետ ասոցացվող լրատվամիջոցների լրագրողները հաճախ բարդությունների են բախվում ընդդիմադիր գործիչների հետ շփվելիս։ Այդ քաղաքական կողմնորոշումներով ու այդ հարաբերություններով պայմանավորված՝ լինում են ճնշումեր»,- ասաց Մելիքյանը։
Ներկայացված տվյալների համաձայն, երկրորդ եռամսյակում գրանցվել է տարատեսակ ճնշումների 36 դեպք, որը 11 դեպքով ավելի է, քան նախորդ եռամսյակում, արձանագրվել է ֆիզիկական բռնության 2 դեպք, երկուսն էլ իրավապահ մարմինների կողմից։ Ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները՝ 39 դեպք, 10 դեպքով ավելի է նախորդ եռամսյակի համեմատ։
Ա.Մելքոնյանն ասաց, որ դատական հայցերը ևս ավելացել են. արձանագրվել է 16 նոր հայցերը, բոլորը վիրավորանքի ու զրպարտության հիմքով են, նախորդ եռամսյակի համեմատ ավելի է 3-ով։
«Կիսամյակում 29 դատական գործը բավականին բարձր ցուցանիշ է։ Այս միտումը եթե շարունակվի, տարին կարող է մտահոգիչ լինել այս առումով։
Միջազգային կառույցներն այս միտումը չեն ողջունում, բացասական միտում է, երբ պաշտոնյաներն են դատական հայցեր ներկայացնում»,- ասաց Մելիքյանը։
Հայցվորներն են՝ 6 գործով բիզնես միջավայրի ներկայացուցիչներ, 3 գործով՝ նախկին և ներկա պաշտոնյաներ, 2՝ քաղաքական գործիչներ, 2՝ առողջապահության ոլորտի ներկայացուցիչ, 2՝ ֆիզիկական անձինք, 1 դեպքով՝ փաստաբան։
Ըստ Ա.Մելիքյանի, մտահոգիչ է, որ այս ծանր պայմաններում լրագրողները գնալով ավելի շատ են ենթարկվում անվայելուչ վերաբերմունքի, վիրավորանքի, սպառնալիքների. «Դա, կարծես, քաղաքական միջավայրում դառնում է սովորական երևույթ, ինչը մտահոգիչ է։ Մենք արձանագրել ենք բավականին մեծ քանակի նման դեպքեր, մեծամասնությունը՝ 17 դեպքն իրականացվել են պաշտոնյաների կամ պետական մարմինների ներկայացուցիչների կողմից»։