Ռոմանոս Պետրոսյանը զբաղեցրած պաշտոնից կարող է ազատվել միայն ներպետական դատարանի որոշման հիման վրա. Գալյան
Իրավունք
12:45 24/07/2025
Հայաստան

Ռոմանոս Պետրոսյանը զբաղեցրած պաշտոնից կարող է ազատվել միայն ներպետական դատարանի որոշման հիման վրա. Գալյան

«Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որևէ նպատակ արձանագրել, որովհետև մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի, ըստ էության, քննության հետ»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի հետ կապված միջազգային արբիտրաժի որոշմանը։

Նա շարունակեց. «Երբ որ միջազգային արբիտրաժը քննության կառնի X օր հետո, 30 օր հետո, ենթադրենք, արբիտրաժային վեճը, նոր կանդրադառնա գործի բոլոր հանգամանքներին և կգնահատի նպատակը»։

Գալյանն ասաց, որ ՀՀ-ն առաջնորդվում է ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով, և որևէ խախտում ոչ օրենսդրության, ոչ միջազգային կոնվենցիայի թույլ չի տրվում։

«Կառավարությունում միշտ բոլոր հարցերի վերաբերյալ ռիսկերը քննարկվում են բազմակողմ և այն ռիսկերը, որոնք քննարկվել և գնահատվել են կապված ՀԷՑ–ի հետ, որակվել են որպես շատ բարձր և այդ ռիսկերի հաղթահարմանն էլ ուղղված է եղել այս որոշման կայացումը, այսինքն՝ ինքնավար մարմինը մեր պետության որոշում է կայացրել, և այդ որոշումը մենք պարտավոր ենք հարգել։

Ինչ վերաբերում է միջազգային, միջազգային տրիբունալի համապատասխան որոշմանը, ապա մենք շատ համբերատար կսպասենք վեճի ըստ էության քննությանը, իհարկե, կառավարությունը կներկայացնի իր փաստարկները և կտեսնենք թե երբ միջազգային արբիտրը անդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա, և այդ առումով, այո, կգնահատենք հնարավոր ռիսկերը»,– ասաց Սրբուհի Գալյանը։

Հարցին՝ արդյո՞ք արբիտրաժի  միջանկյալ որոշումը պարտադրում է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները դադարեցվեն, Գալյանն ասաց. «Ոչ, դա կատարման ենթակա կարող է դառնալ միայն ներպետական դատարանի որոշման հիման վրա, և կողմը կարող է դիմել մեր ներպետական դատարանին որպեսզի  կայացվի այդ որոշումը, հարկադրաբար  կատարելու վերաբերյալ որոշում։ Քանի դեռ դա չի իրականացվել, որևէ հետևանք չի կարող ունենալ»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder