Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բոլոր գործընթացերն ու գործողությունները պետք է կասեցվեն, մինչև վերջնական դատական ակտերի ի հայտ գալը. Գոհար Մելոյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման մասին
«Երբ Արբիտրաժայիան միջազգային դատարան ներկայացվում է հայցի ապահովման միջնորդություն, մշտապես հաղթանակած կողմ է համարվում, եթե միջնորդությունը բավարարվում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում նախաձեռնված հրատապ գործով ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը։
Նա ընդգծեց, որ այս դեպքում արձանագրում են՝ ՀԷՑ սեփականատեր Կարապետյանների ընտանիքը հաղթանակել է և մշտապես մյուս կողմը պարտված կողմ է հանդիսանում, պարտավորվում է ձեռնպահ մնալ գործողություններից, որի դեմ տվյալ միջնորդությունը ներկայացվել է։
«Ինչ ունենք արձանագրված ՀԷՑ-ի «ազգայնացման» գործընթացում. ունենք ընդունված օրենքների փաթեթներ, հակաիրավական եղանակով, ապօրինաբար աշխատանքից ազատվել է ՀԷՑ-ի տնօրենը, ընդունված օրենքների համատեքստում նշանակվել է պաշտոնակատար։
Ի՞նչ պետք է արվի բավարարված որոշման հիման վրա. անկախ այն հանգամանքից, ինչ է մինչ օրս արվել, այն ենթադրում է, որ բոլոր այդ գործընթացերն ու գործողությունները պետք է կասեցվեն մինչև վերջնական դատական ակտերի ի հայտ գալը։
Այսինքն պետք է ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենի նախկին տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանի լիազորությունները վերականգնվեն, ընդունված օրենքների գործողությունները, որոնք իրենց բնույթով հակաիրավական են, հակասահմանադրական, խնդրահարույց օրենսդրական խութեր են իրենց մեջ պարունակում, այս որոշման հիման վրա միանշանակ ենթակա են կասեցման»,- ասաց Մելոյանը։
Ինչ վերաբերում է Արբիտրաժայիան միջազգայի դատարան որոշման կյանքի կոչմանը, նա ասաց. «Ցավոք սրտի, ի տարբերություն ներպետական պրոցեսների, օրինակ, Հայաստանի դեպքում ունենք դատական ակտերի կատարումն ապահովող հարկադիր ծառայությունները, միջազգային իրավունքում նման կառույց առկա չէ, այդ թվում ներդրումային միջազգային իրավունքի համատեքստում, ինչը, բնականաբար, այս պրոցեսներն ավելի խոցելի են դարձնում։
Այսինքն, որոշումն ընդունվում է, որոշումներն ու դրա մասնակցությունը հնարավոր են դառնում, որովհետև պետությունները վավերացնում են կոնվենացիաներ, անդամակցում են կառույցներին, համաձայնագրեր են կնքում, դրանց ի կատար ածման պրոցեդուրալ ապահովման համատեքստում են նման որոշումներ կայացվում։
Ինչ է տեղի ունենում, երբ պետությունը չի կատարում. որպես կանոն պետության կողմից հրաժարումը վրա է բերում հետևանքներ սանկցիաների տեսքով միջազգային կառույցների կողմից։ Օրինակ, ներդրումային իրավունքի համատեքստում երբ արբիտրաժի որոշման կայացումից հրաժարվում է պետությունը, նաև տվյալ պետության ներդրումային միջավայրին է ակնհայտ վնաս պատճառում դրա վստահելիության, կայնության տեսանկյունից։
Ցավոք սրտի, մի շարք նախադեպեր ունենք, դրանցից ամենավառն ու ցցունն արցախյան հարցի համատեստւմ էր. երբ շրջափակման էր ենթարկվել Արցախը, նաև Միջազգային արդարադատության դատարանը կայացրել էր որոշում՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ շրջափակումից, առնվազն ապահովել մարդասիրական օգնությունն այնտեղ գտնվող բնակչությանը, Ադրբեջանը, ինչպես տասնյակ դեպքում, այս դեպքում ևս հրաժարվեց այն ի կատար ածելուց։ Ոչինչ տեղի չունեցավ։
Նորմալ կլիներ, եթե չլիներ ակնհայտ քաղաքականացված մոտեցում, շահերի խնդիր, որ այս դեպքերում մենք էլ ականատես լինեինք Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի, սակայն անգործության և միջազգային իրավունքի կոպտորեն խախտման համար որևէ հետևանք և պատասխանատվություն վրա չհասավ մեր թշնամի պետության համար։
Մեր պետության կողմից այս որոշումների կատարումից ձեռնապահ մնալը, ի տարբերություն նախորդ օրինակի, վնաս չի տալու մեր թշնամի պետությանը, սա վնաս է Հայաստանին, Հայաստանի քաղաքացուն, մեր պետության երկարամյա ձեռք բերած հեղինակությանը, միջազգային համբավին, գործարար համբավին, բարենպաստ ներդրումային միջազգային միջավայրին, որի մասին ամպագոռգոռ հայտարարություններ է կատարում այս իշխանությունը։
Այս ողջ պրոցեսն այնքան ակնհայտ քաղաքականացված է, հիմքերն այնքան շատ են, որ Կարապետյանների ընտանիքն ի վերջո հաղթանակած է դուրս գալու, պրոֆեսիոնալ կերպով մինչև վերջ պրոցեսը տանելու են և հաջողությունը երաշախվորված է»,- ասաց Գոհար Մելոյանը։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ երկու ամսով կալանավորված գործարար, բարերար, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
ՀՀ կառավարությունից մեկնաբանելով Կարապետյանների հաղթանակը՝ նշել էին. «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»։