Տեղի իշխանությունը խրախուսում է Քարաբերդում ոսկի որոնողներին․ Դուլգարյան
Տնտեսություն
18:10 30/07/2025
Հայաստան

Տեղի իշխանությունը խրախուսում է Քարաբերդում ոսկի որոնողներին․ Դուլգարյան

Օգոստոսի 13-ին  Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նախատեսված է հանրային լսում։ Մասնավորապես,  «Զով-Գուժ» ՍՊԸ-ն մտադիր է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ուսումնասիրել Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան հատվածները։ Սա թվով 12-րդ հանրային լսում է լինելու այս համայնքում։ Թեև բնակիչները դեմ են տարածքում ևս մեկ հանքավայրի շահագործմանը, այդուհանդերձ տարբեր ընկերություններ ժամանակ առ ժամանակ նախաձեռնում են լսումներ։

Քարաբերդում արդեն իսկ կա գործող ոսկու հանքավայր, որը պատկանում է  «ԱՍՍԱԹ»  ընկերությանը։ Այս մասին Panorama,am-ի հետ զրույցում   ասաց Լոռու մարզից իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը՝ ընդգծելով, որ արդեն իսկ արձանագրվել են  շրջակա միջավայրին հասցված վնասները։  Նա հիշեցրեց, որ այս տարածքում դեռևս 2022 թ․-ին չեխական  քիմիական անվտանգության կազմակերպության հետ համատեղ իրականացվել են   օրգանական և բիոլոգիական հետազոտություն։

«Հանքավայրի մերձակա տարածքներում հողերի և ապրող մարդկանց որոշակի  հետազոտություն է իրականացվել,  վերցվել են հողի նմուշառումներ և  մարդկանց մեզից և մազերից։ Փորձաքննության արդյունքների համաձայն, օրինակ, հողում հայտնաբերված մկնդեղի կոնցենտրացիաները գերազանցում են Հայաստանի Հանրապետության սահմանված ստանդարտները։   Իսկ մարդկանց կենսանմուշներում ևս բարձր կոնցենտրացիաներ են արձանագրվել, հատկապես կանանց մոտ՝ մկնդեղի, կապարի, սնդիկի, պղնձի, նիկելի»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա ընդգծեց, որ այժմ Քարաբերդն ունի մեկ  գյուղատնտեսական թաղամասը, որտեղ հարյուրներով, միգուցե նաև հազարի հասնող խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են բուծում, պահում։

«Այն գտնում է համայնքային հանքավայրի ներքևի մասում, միգուցե՝ մաքսիմալ հեռավորությունը լինի 500 մ։ Պետք է նշեմ, որ այնտեղ կա արևելյան և արևմտյան կողմեր։ Գործող հանքավայրը  գտնվում է արևմտյան կողմում, իսկ ահա հիմա   հետաքրքրված են նաև արևելյան կողմի տարածքով,որը բնակավայրերին ավելի մոտ է։ Նաև նշեմ,որ ուղիղ գծով այդ տարածքները մոտ 1 կմ կամ 1 կմ 300 մ հեռավորության վրա են Վանաձորից, մյուս կողմից Գուգարք բնակավայրն է, ներքևում՝ Փամբակը։ Բացի այդ,  ոսկու հանքավայրից տվյալ գյուղում կա մեծ քարի հանքավայր։ Ստացվում է այնպես, որ հիմա հետաքրքրված են նոր հանքեր բացելով։  Դա  նշանակում է, որ ամբողջ այս բնակավայրը իր գյուղատնտեսական իմաստը այլևս կորցնելու է և դառնալու է հանքավայրային տարածք, մի ամբողջ հանքավայր-գյուղ»։

Դուլգարյանը պատմեց, որ  վերջին տարիներին առնվազն 3-4 ընկերություններ են եկել ՝ իրենց ծրագրերով, նույնիսկ կոնֆլիկտներ կան ընկերությունների միջև տարածքների համար։

«Մի ընկերությունը պայքարում է մյուսի դեմ, նույնիսկ դատական համակարգում։  Հատկանշականն այստեղ այն է, որ վերջին 5 տարվա մեջ իրականացվել է հանրային լսումներ անցկացնելու  12-րդ փորձ։ Սույն թվականի  օգոստոսի 13-ին արդեն լինելու է այս տարվա  4-րդ փորձը։ Տարվա ընթացքում իրականացված նախորդ 3 լսումներին, որոնք տեղի են ունեցել Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերում, բնակիչները դեմ են արտահայտվել»,- ասաց Դուլգարյանը։

Մեր դիտարկմանը, թե ընկերությունները քանի՞ հանրային լսում իրավունք ունեն անցկացնելու, իրավապաշտպանն ասաց․

 «Օրենքն անկատար է, երբ իրենց հավեսը տա, երբ մտքներով  անցնի,  կարող են գալ լսումներ նախաձեռնել, այսինքն՝ օրենքը նման սահմանափակում չի դնում։ Տարիներ շարունակ տարբեր ընկերությունների ճիրաների ներքո են գտնում տվյալ գյուղի բնակիչները,  տարբեր մեխանիզմների կիրառմամբ մարդկանց վրա աշխատում են։ Կարծում եմ՝ ամենամեծ պատասխանատուն, որ այդ փոքրիկ գյուղը շարունակաբար նման փորձությունների միջով է անցնում, տեղական իշխանության պատասխանատվության ներքո է։  Տեղական իշխանությունը խրախուսում է այնտեղ հանքարդյունաբերության զարգացման քաղաքականությունը՝ անտեսելով  և՛ հետազոտությունները, որոնք առկա են, և՛ մարդկանց կարծիքները, որոնք  անընդհատ  դեմ են հանդես գալիս։  Եթե նախաձեռնող ընկերությունը զանգի, ասի՝ ուզում եմ գամ ձեզ մոտ լսումներ անցկացնել՝ երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար, իսկ համայնքի ղեկավարն այդ ընկերությանն ասի՝ նախորդ 10 լսումներին կամ 5 լսումներին համայնքի բնակիչները դեմ են եղել, և կարծում եմ՝ իրենց դիրքորոշման մեջ բան չի փոխվել, ձեր գալը կարող է  անիմաստ լինել, ապա այդ  ժամանակ որևէ ընկերություն չի գա։  Դա նշանակում է, որ նաև տեղական քաղաքականություն կա խրախուսող, որ անընդհատ գալիս են տվյալ տարածքում ոսկի որոնելու կամ գյուղատնտեսության և զբոսաշրջության հաշվին տնտեսության այլ ճյուղ զարգացնելու։ Մարդիկ հոգնել են արդեն»։

Նրա խոսքով՝ Երևանից նույնիսկ կան քաղաքացիներ, որոնք այդ բնակավայրում ներդրումներ են կատարել, հյուրատներ են կառուցել, հիմա էլ նախատեսում են քեմփինգային զբոսաշրջություն զարգացնել։ Սակայն նոր հանքավայրի բացումն ի քիչ կդարձնի թե՛ գյուղատնտեսության, թե՛ զբոսաշրջության զարգացման հնարավորությունը։

  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder