Այս պահին դատարանը լուծել է միայն Փաշինյանի ավտոշարասյան կողմից մաhաgnւ վրաերթի գործով մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է. Րաֆֆի Ասլանյան
Իրավունք
10:49 30/07/2025
Հայաստան

Այս պահին դատարանը լուծել է միայն Փաշինյանի ավտոշարասյան կողմից մաhաgnւ վրաերթի գործով մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է. Րաֆֆի Ասլանյան

 «Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից»,-  Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով վերդիկտի հրապարակումից հետո լրագրողներին ասաց տուժողի իրավահաջորդ Րաֆֆի Ասլանյանը։

Նա նշեց, որ լրացուցիչ դատալսումների փուլում դատարանն անդրադառնալու է պատժի  հարցին։

Փաստաբանի ներկայացմամբ, այս պահին դատարանը դեռ վերդիկտ է կայացրել, որով հաստատել է Արամ  Նավասարդյանի մեղավորությունն իրեն մեղսագրված հանրային վտանգավոր արարքներում։

Արամ  Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել 2003 թ. ընդունված ՔՕ 242-րդ 2 մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքներում։

Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակելու, իսկ 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակվելու է պատիժ. ըստ տվյալ պահին գործող ՔՕ-ի, նշված արարքի համար նախպատեսված էր ազատազրկում  մինչև 5 տարի ժամկետով, նոր Քրեական օրենսգրքով՝ 2-5 տարի ժամկետով, բայց, հաշցի առնելով, որ անձի վիճակը վատթարացնող է, տվյալ դեպքում կիրառելի է նախկին Քրեական օրենսգիրքը։

Նա հայտնեց, որ տուժող կողմը վերդիկտի հետ կապված առարկություններ չունի, որովհետև ամբողջ  ծավալով մեղավոր է ճանաչվել։

Դատական գործի քննությունը տվել է շուրջ 3 տարի։ Խոսելով ընդհանուր դատավարության մասին՝ պաշտպանն ասաց. «Ամբաստանյալն ու ամբաստանյալի պաշտպանները օրենքով  չարգելված բոլոր միջոցներով պաշտպանվելու իրավունք ունեն։ Բայց երբ պաշտպանության կողմը դա վերածում է  իրավական շանտաժի... Երեկ պաշտպան Բալոյանն ասում էր՝ Մնացականյանը գուցե քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել և  դիտավորյալ հատել է ճանապարհը, դիտավորյալ հետ քայլ է կատարել։ Երբ փորձում են տուժող անձին ինքնասպանություն վերագրել, սա իրավունքի տիրույթում չի տեղավորվում։ Պետք է սահմանները պահպանել»։

Հիշեցնենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder