Կալանավորված Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն
Իրավունք
17:33 07/08/2025
Հայաստան

Կալանավորված Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Ստեփան Սամվելյանի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ քննարկման ընթացակարգը։ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ դրա շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ Ստեփան Սամվելյանն այս գիշեր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ներկայացուցչի հետ, քննարկել նրան անհրաժեշտ բժշկական օգնության ծավալները։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Սամվելյանը կարիք է ունեցել նեղ մասնագիտական (նեֆրոլոգիական) հսկողության։

Քննարկումների արդյունքում, համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ, ՄԻՊ աշխատակազմի հետևողական ջանքերով Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ Ստեփան Սամվելյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն արդեն քանի օր է ահազանգում է նրա առողջական վիճակի վատթարացման մասին։ 

ՔԿ հաղորդագրության համաձայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ս.Ս.-ն (Ստեփան Սամվելյան) 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի (Արամ Սարգսյան) սպանությունը։  Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրիք 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder