Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Reuters. Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին, հայտնի կլինի TRIPP հապավումով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավիրած հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որը ներառում է ԱՄՆ-ի բացառիկ իրավունքները Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ: «Ազատության» հաղորդմամբ, այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ պաշտոնյաները անանուն մնալու պայմանով Reuters-ին ասել են, որ Սպիտակ տանը ակնկալվում է շրջանակային համաձայնագիր՝ «խաղաղության կոնկրետ ուղու» հասնելու և տևական ժամանակ քննարկվող տարանցման ուղու հարցը լուծելու համար։
«Ադրբեջանը խնդրել է տրանսպորտային միջանցք` Հայաստանի տարածքով Նախիջևանին կապվելու համար», - ասել են ամերիկացի պաշտոնյաները։
Reuters-ը մանրամասնում է՝ առաջնորդների կողմից ուրբաթ ստորագրվելիք փաստաթղթի՝ մանրամասն բանակցված բաժնում Հայաստանը ծրագրում է Միացյալ Նահանգներին տալ տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները՝ երկար ժամանակահատվածով։ Թե կոնկրետ քանի տարով՝ չի հստակեցվում. նշվում է միայն, որ այն, ըստ պաշտոնյաների, կոչվելու է «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այն հայտնի կլինի TRIPP հապավումով։
«Ճանապարհը գործարկվելու է Հայաստանի օրենսդրության համաձայն, և Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումի՝ ենթակառուցվածքների ու կառավարման համար», - հաղորդում է Reuters-ը։
Թե ի՞նչ կոնսորցիումի մասին է խոսքը՝ չի հստակեցվում։
«Առևտրային միջոցներով իրականացվող այս քայլը կբացի տարածաշրջանը և կկանխի հետագա ռազմական գործողությունները», - ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։
Պաշտոնյաները նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև կստորագրեն փաստաթղթեր, որոնցով կպահանջվի լուծարել Մինսկի խումբը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։