Գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող Ջալալ Հարությունյանը ցանկանում է խուսափել դատավճռով նշանակված պատիժը կրելուց. փաստաբան
Իրավունք
13:51 08/08/2025
Հայաստան

Գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող Ջալալ Հարությունյանը ցանկանում է խուսափել դատավճռով նշանակված պատիժը կրելուց. փաստաբան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։

Տուժողների շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, ակնհայտ դարձավ, որ մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը և նպատակը այն է, որ վաղեմության ժամկետը անցնի և խուսափի պատիժը կրելուց։

«Վերաքննիչ դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ առձեռն փորձել է նրան հանձնել որոշումը, սակայն փաստը այն է, որ չի ստացել։ Դատարանի, գնահատմամբ ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա դատական նիստի մասին տեղեկացված է եղել և չի ներկայացել, ինչպես նաև իրեն հայտնի է եղել, որ դատական ակտը իրեն ուղարկվում է և ինքը չի ստանում, Ջալալ Հարությունյանի գործողությունները դիտարկվեց, որպես իրավունքի չարաշահում:

Թեև, Ջալալ Հարությունյանը գրավոր հայտնել է իր գտնվելու վայրի մասին և պարտավորվել է ստանալ դատական ակտը, սակայն տուժող կողմը կարծում է, որ նա նորից խուսափելու է դատարանի որոշումը ստանալուց:

Ակնհայտ է, որ գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ցանկանում է խուսափել դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելուց, ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց ու այս անձին մի ամբողջ պաշտպանության բանակ է վստահվել, դե բնականաբար 44 օրյա պատերազմի արդյունքն էլ սա պետք է լիներ»,- գրել է Լ. Սիմոնյանը։ 

Հիշեցնենք, որ 44-օրյա  պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։

Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։ Վերաքննիչ դատարանից նա պահանջել էր անմեղ ճանաչել իրեն, իսկ տուժող կողմը պահանջում էր առավելագույն պատիժ՝ 8 տարի ազատազրկում։ Վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

 «Ցոր» զորամասի հրետանավորներն ավելի քան մեկ տարի անհետ կորած են համարվել։ Նրանցից 11-ի աճյունները հայկական կողմին է փոխանցել 2021 թ. նոյեմբերի 2-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder