Բացառո՞ւմ է, որ դիվերսիայի հետևանք կարող էր լինել Ազատի զինվորական կացարանում բռնկված հրդեհը. Վկայի պատասխանը
Իրավունք
17:20 08/08/2025
Հայաստան

Բացառո՞ւմ է, որ դիվերսիայի հետևանք կարող էր լինել Ազատի զինվորական կացարանում բռնկված հրդեհը. Վկայի պատասխանը

Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ վկա Շիրազ Խաչատրյանը, որը թիկունքի պետն է եղել և դեպքից հետո այրված զինվորականների դիակների դուրսբերման աշխատանքներին մասնակցել, հայտարարեց, որ տեղյակ չէ՝ Սասուն Միքայելյանն այցելել է զորամասի տարածք, թե ոչ։ Նա նաև ասաց, որ տեղեկություն չունի՝  որևէ քրեական հեղինակություն զորամասի տարածք այցելել է, թե ոչ, տեղեկություն չունի՝  արդյո՞ք որևէ զինծառայողի ծեծի ենթարկել են, թե ոչ։

Նա  նման պատասխաններ հնչեցրեց  տուժող կողմի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանի հարցերին։

Նորիկյան հարց տվեց՝ «ի՞նչ է եղել այնտեղ, հրամանատար», Շ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես այդ ժամանակ տեսել եմ կրակից զոհված երեխաների։ Չեմ կարող ասել, ինչ է եղել այնտեղ, քննիչները պետք է... »։

Նորիկյանի հարցին՝ հնարավո՞ր է հրդեհը բռնկվել է պայթյունի հետևանքով, վկան պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչից կարող էր լինել։

Փաստաբանի մեկ այլ հարցին՝ այդ օրերի ընթացքում հակառակորդի որևէ ստորաբաժանման կողմից մեր թիկունք ներթափանցման, դիվերսիոն, հետախուզական գործողությունների վերաբերյալ որևէ տվյալներ ստացե՞լ են, նա ասաց. «Չեմ ստացել որևէ տեղեկություն, գրեթե ամեն օր մարտական հենակետեր եմ եղել, նմանատիպ դեպքեր չեմ նկատել»։

Տուժող կողմի փաստաբանի հստակ հարցին՝ բացառո՞ւմ է դիվերսիան, վկան պատասխանեց. «Այդ մասնագետը չեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, որ մտներ գյուղ, ... բացառվում է, պետք է առաջնագիծը հատեին, նոր մտնեին գյուղ, մարտական հենակետներ կային, պետք է որևէ մեկին վնասեին, որ հասնեին»։

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-    սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի
ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder