Ի՞նչ է նշանակում՝ ձայնագրությունները չկան, կորել են։ Ամեն հարցում այդքան անփույթ գտնվել կարելի՞ է. Սոնա Մնացականյանի հայր
Իրավունք
14:05 13/08/2025
Հայաստան

Ի՞նչ է նշանակում՝ ձայնագրությունները չկան, կորել են։ Ամեն հարցում այդքան անփույթ գտնվել կարելի՞ է. Սոնա Մնացականյանի հայր

«Ի՞նչ է նշանակում՝ ձայնագրությունները չկան, կորել են, փչացել են։ Ամեն հարցում այդքան անփույթ գտնվել կարելի՞ է»,-դատարանի դիմաց ասաց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հայրը։

Զոհված երիտասարդ հղի կնոջ հայրն ասաց՝ փաստացի ապացուցված է, որ մեքենան գերազանցել է սահմանված արագությունը, քայլեր չի ձեռնարկել վթարը կանխելու համար, վթարից հետո չեն օգնել Մնացականյանին, լքել են ՃՏՊ վայրը։

«Ուրեմն ինքը մեղավոր է։ Միայն ինքը չէ։ Մենք նաև շարասյան ղեկավարների նկատմամբ ենք բողոք ներկայացրել։ Մեք ապրում ենք իրավական պետության մեջ, թող այդ պետությունը որոշում կայացնի։ Փաշինյանը ներողություն է խնդրել, ցավակցել է ինձ, բայց հետո համեմատում է ավտոբուսի մեջ նստած ուղևորի հետ, դա ի՞նչ է»,-ասաց Սոնայի հայրը՝ արձագանքելով հարցին, արդյոք մեղավո՞ր է Նիկոլ Փաշինյանն իր դստեր մահվան համար։

Մնացական Մնացականյանն ընդգծեց՝ աղջիկը քաղաքականությամբ չէր զբաղվում, աշխատում էր դրսում, նոր էր վերադարձել Հայաստան։

«Հավատալով երկրում կատարվող փոփոխություններին՝ Դանիայի նման երկիրը թողեց, եկավ այստեղ դուստր ձեռնարկություն բացեց»,-ասաց նա։

Մ. Մնացականյանի կարծիքով, մեղադրյալ կողմն ամեն ինչ անում է ժամանակ ձգձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետն անցնի, նա պատիժ չկրի։ 

Սոնայի հայրը դատարանի միջոցով պահանջել է 10 մլն դրամի փոխհատուցում՝դստեր շիրիմին դրված հուշաքարի, ինչպես նաև գերեզմանի վերանորոգման աշխատանքների համար:

Դատական հաջորդ նիստը նշանակվել  է օգոստոսի 18-ին։ Դատական նիստի ավարտին դատարանի կողմից մեղավոր ճանաչված շարասյան մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ բառ չունի ասելու,  իրեն մեղավոր չի ճանաչում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder