Այստեղ մի քանի ազնվազարմ այրերի չեն դատում, այլ՝ ողջ հայ ժողովրդին. Խաչիկ Մանուկյան
Իրավունք
17:30 20/08/2025
Հայաստան

Այստեղ մի քանի ազնվազարմ այրերի չեն դատում, այլ՝ ողջ հայ ժողովրդին. Խաչիկ Մանուկյան

«Ճիշտն ասած երեկ էլ սպասում էի, որ Նիկոլի գլխավորությամբ ՔՊ-ական պարագլուխները միմոսի հանդերձանքով պետք է գան դատարանի դիմաց թռչկոտեն, ձայներ հանեն՝ ճչոց-մչոցներ, որովհետև այս դատական ֆարսը դա է ենթադրում»,-Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց ասաց 44-օրյայի հերոս մարտիրոսված Վաչագան Մանուկյանի հայրը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

Նրա խոսքով որևէ լուրջ բան հնարավոր չէ ասել Սրբազան շարժման ակտիվիստների դեմ հարուցված դատական ֆարսի մասին,քանի որ հանիրավի կերպով հայոց լավագույն զավակներին բերել, ասում են, թե կդատեն։

«Հասկանալի է՝ այն արվում է ի հաճույս Էրդողանի, մյուսների, մեր պետության ոչնչանալը կամեցողների, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի հային զրկեն իր ինքնիշխանությունից, զարգացումներից»,-ասաց Խաչիկ Մանուկյանը։

Նա հիշեց անգլիացի մի «լրտեսի» խոսքը, որ եթե հայերին թողնեն զարգանա, ապա մոլորակի տերը կդառնան՝ հակադարձելով, որ թույլ չեն տալիս մի փոքր հայրենիք ունենան, ուր մնաց մոլորակի տերը դառնան։

Հայտնելով, որ այդ դատական այցը ուղեկցվում է արտաքին ուժերի կողմից Խաչիկ Մանուկյանն ասաց. «Այս միմոսների, լրտեսախմբի, որ եկել է, իրենց կարողությունների գործը չէ, որ կարողանան մի ամբողջ ազգ ծնկի բերել, հնազանդեցնել, մի ամբողջ ազգ կանգնեցնեն դատարանի առաջ։ Այստեղ դատում են հայ ժողովրդին, այստեղ մի քանի ազնվազարմ այրերը չեն դատում, որոնք այս երկրի ազատությունն են ուզում, ինքնիշխանություն են  ուզում, ուզում են որ այս երկիրը որպես միավոր կայանա, որովհետև եթե 0 են դարձնում՝ նրա կողքին ինչքան 0 շարես, 0 է ստացվում»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder