Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով. Սրբազանը շնորհակալություն հայտնեց դատավորին
Իրավունք
16:27 21/08/2025
Հայաստան

Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով. Սրբազանը շնորհակալություն հայտնեց դատավորին

Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը երկարեցվեց 3 ամսով։

«Կալանքի պայմանները չեն նվազել, չեն փոխվել, տվյալ դեպքում խոչընդոտելու ու հանցանք կատարելու ռիսկերն այս փուլում բարձր են, այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,-ասաց դատավորը։

Որոշման հրապարակումից հետո ներկաները վանկարկեցին՝ ամոթ, ամոթ։ Իսկ Բագրատ Սրբազանը շնորհակալություն հայտնեց դատավորին։

«Պատվարժան դատարան, շատ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ազնիվ դրսևորման համար։ Այնքան լավ եմ զգում ինձ, որ ուրիշ որոշում Դուք չկայացրեցիք, քանի որ այն ինձ համար մահ կլիներ։ Լիդյա Մանթաշյանի կալանավորումը երկարացնելուց հետո ես գետնի տակը պիտի մտնեի, ամոթ ինձ, եթե ես դուրս գայի այդ միջավայրից, շնորհակալություն Ձեզ, որ չարեցիք այդ քայլը»,-ասաց նա։

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ դատավորին առաջարկեց առանց մեղադրանքները կարդալու կալանք տան, իրենք էլ գնան իրենց խցերում հանգստանան։

«Ես սա առաջարկում եմ առանց ձեռ առնելու։ Անունը կարդացեք, կալանքը տվեք, նույն տեքստն է, բոլորին վերաբերվում է, հեքիաթ է»,-ասաց Սարգսյանը։

Դրանից հետո դատավորը հայտարարեց, որ 3 ամսով երկարացվում է նաև մեղադրյալ Արմեն Իսրայելյանի կալանքի ժամկետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder