ՈւՂԻՂ. Շարունակվում է Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստը
Իրավունք
14:15 25/08/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. Շարունակվում է Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստը։  

Գործը քննում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին  կալանավորվել է երկու մասով։ Սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, կալանքի ժամկետը երկարաձգվել է 10 օրով։ 

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն. «Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder