Տիգրան Աբրահամյան. Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ
Քաղաքական
09:40 05/09/2025
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ

Այսօր քաղբանտարկյալ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի ծննդյան օրն է, որը վերջինս նշում է ճաղերի հետևում: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշում է՝ ՀՀ իշխող ռեժիմը նախ Դավիթին հայրենիքից ու հայրենի օջախից զրկեց, հետո արդեն ազատությունից:

«Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ, առավել ևս` պայքարում են իրենց ու այլոց իրավունքների պաշտպանության համար:Ծնունդդ շնորհավոր, Դավիթ ջան: Ազատությո՛ւն Դավիթին ու բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է պատգամավորը։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ, շնորհավորելով գործընկերոջ տարեդարձը գրել է.

«Երբ Հակարին անցանք, առաջին անգամ Դավիթի աչքերում արցունք տեսա․ մի պահ կյանքը կանգ առավ ու լռություն տիրեց։ Դավիթ ջան դու ծնվել ես քո հայրենիքի համար։ Առանց քո ներկայության Արցախը չկա, առանց Արցախի՝ դու չես ապրում։ Շնորհավոր ծնունդդ, ընկերս։ Դու պիտի վերադառնաս, որ Արցախն ապրի։

Դու քաղբանտարկյալ ես, բայց շատ շատերից՝ ազատ, ոչ մի պահ չթուլացած, չխեղճացած։ Քեզ ապօրինի կերպով պահում են այս իշխանությունները՝ որովհետև չես լռել, որովհետև պայքարել ես Արցախի և Հայաստանի համար։ Քո կալանքը նրանց սուտի «խաղաղության» գինը չէ, այլ նրանց վախի ապացույցը։ Քո վերադարձը լինելու է ոչ միայն ընկերոջ վերադարձ, այլ ողջ ժողովրդի հաղթանակի սկիզբ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder