Կա առաջարկ ու լուծման տարբերակ, քաղաքացիների կյանքը բարելավելու հստակ եղանակ, սակայն իշխանությունը չի կատարում. Նաիրի Սարգսյան
Քաղաքական
15:44 08/09/2025
Հայաստան

Կա առաջարկ ու լուծման տարբերակ, քաղաքացիների կյանքը բարելավելու հստակ եղանակ, սակայն իշխանությունը չի կատարում. Նաիրի Սարգսյան

«Մեկ տարվա ընթացքում «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն իրականացրել է 5 տարբեր ծրագրեր»,- ասուլիսում ասաց «Հայաստանը ես եմ» քաղաքական-հասարակական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ ամփոփ ներկայացնելով նախաձեռնության մեկ տարվա գործունեությունը՝ նախ ընդգծելով, որ իրենք որդեգրել են հաշվետվողականության և թափանցիկություն սկզբունքը։

Ներկայացված առաջին նախաձեռնության շրջանակում, նրա ներկայացմամբ, իրականացրել են Հայաստանի առջև ծառացած խնդիրների խորքային վերլուծություն՝ գիտական ու պրակտիկ մակարդակում, մշակել են դրանց լուծման ուղիներն ու պահանջ ներկայացրել կառավարությանը, որպեսզի դրանք ի կատար ածվեն։

«Առաջարկները 18-ն են։ Իրականում մշակած խնդիրները գերազանցում են 100-ը, բայց որոշել ենք այլևս չներկայացնել կառավարությանը՝ հետագայում հասարակության հետ դա կդարձնենք քննարկման առարկա»,- ասաց Ն. Սարգսյանը։

Երկրորդ նախաձեռնության շրջանակում Հայաստանի խորքային խնդիրների  վերլուծության վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար ստեղծել են «Ապագայի ճարտարապետներ» խորագրով մրցույթ՝ ներգրավելով իրենց գործի գիտականերին, որոնք ներկայացրել են առաջարկները։ Դրանք ներառում են համայնքային, տուրիզմի զարգացումից, անվտանգային խնդիրներից մինչև արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներ ու դրանց լուծման ուղիները։ 

Երրորդ կարևորագույն նախաձեռնությունը «Դեմ եմ հայտարարագրմանը» քաղաքացիական ակցիան է եղել, հանդիպումներ են կազմակերպել մարզերում, Երևանում, որի արդյունքում մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը հետաձգվել է հայտարարագրման պահանջը։

«Ակցիան ավելի լայն թափով շարունակվելու է՝ մինչև կհասնենք այս անհեթեթ, տնտեսական բռնություն պարունակող կամ իրապես այդպիսի թաքնված նպատակներ ունեցող անհեթեթության չեղարկմանը»,- նշեց Ն.Սարգսյանը։

Չորրորդ նախաձեռնության շրջանակում չեղարկվել է հարկային բռնության կիրառման գործիքը։ նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ կառավարությունը նախաձեռնել էր «Վարչական դատավարության» օրենսգրքում փոփոխություններ կատարելու  մասին օրենքի նախագիծ, որով վարչական ակտը պետք է բոլորը վճարեին, 4-5 տարի դատական ատյաններում պաշտպանեին իրենց իրավունքները, այնուհետև կարողանային իրենց վճարած գումարները հետ ստանային։ Դա, ըստ Ն. Սարգսյանի, բիզնեսին, տնտեսությանն ահռելի մեծ վնաս էր հասցնելու։  

Հինգերորդ  նախաձեռնությամբ փորձել են Հայաստանի քաղաքական համակարգում ստեղծել համագործակցության և համախմբման պրակտիկա, ինչը ստացվել է և այժմ ակտիվ փոխհամագործակցում են «Կամուրջ» և «Արմենիա 2026» քաղաքացիական նախաձեռնությունների հետ։ Ապագայում համատեղ գործելու պրակտիկան ևս շարունակվելու է։

Արդեն մանրամասնելով բուն առաջարկները՝  Ն. Սարգսյանը նշեց, որ դրանք վերաբերում են Հայաստանի ու Հայաստանի քաղաքացուն վերաբերող տարբեր ոլորտներին։

Ն.Սարգսյանն ասաց, որ իրենք առաջարկել են կառավարությանը կենսական նշանակություն ունեցող դեղերի սակագները նվազեցել 20 տոկոսով, սակայն ստացել են պատասխան, որ նպատակահարմար չեն գտնում դեղային ոլորտում կատարել այս փոփոխությունը։

«Հայաստանում դեղերը թանկ են։ Կենսաթոշակառուների թոշակը միջինում կազմում է 40-45 հազար դրամ, կենսաթոշակային տարիքում ամսական դեղի պահանջարկը միջինում գերազանցում է 70 հազար դրամը։ Նույնիսկ եկամուտը չի բավարարում դեղերի ձեռքբերմանը»,- մանրամասնեց նա։

Ն. Սարգսյանն ընդգծեց, որ կա առաջարկ ու դրա լուծման տարբերակ,  քաղաքացիների կյանքը բարելավելու հստակ եղանակ, սակայն իշխանությունը չի կատարում։

«Մենք պաշտոնական փաստաթղթերով, հիմնավորված ցույց ենք տալիս, որ այս իշխանությունը չի աշխատում հանուն Հայաստանի ու Հայաստանի քաղաքացու։ Մենք ներկայացնում ենք  իշխանության ստերը, կեղծիքները։ Նայում ենք իշխանությունների աչքերի մեջ և ասում՝ դուք ստում եք։ Մեր հայրենակիցները ձեր պատասխանը կտան 2026-ին, միգուցե ավելի շուտ»,- ասաց Ն. Սարգսյանը։

Նրա ներկայացմամբ, կառավարությանն ուղղված առաջարկներն ու հարցադրումները վերաբերել են նաև անվտանգությանը, ՏՏ, գյուղատնտեսության ոլորտներին, գույքահարկի դրույքաչափերին, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրամանն ու քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությանը, բանկային գաղտնիքի հասանելիությանը, հարկային բռնությանն ու հարկային տեռորի գործիքի չեղարկմանը, Կիրանցի հատվածում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության իրավունքի վկայականներով անշարժ գույքի ու հողատարածքների Ադրբեջանին հանձնելուն, դրանց իրավական հիմնավորվածությանը և այլն։ Այդ առաջարկների մի մասն ընդունվել է, մի մասը չի կատարվել։  

«Ինչպես ասացի, ունենք 100-ից ավելի առաջարկներ, որոնք չենք ներկայացնելու իշխանություններին, որովհետև անիմաստ է դիլետանտներին ներկայացնել ծրագիր, որը կարող են փչացնել, նորմալ չիրագործել։ Այդ ծրագրերը, նաև քաղաքական ծրագրերը, կներկայացնենք մեր հանրության դատին, միասին կկառուցենք ավելի հզոր Հայաստան»,- ասաց Ն. Սարգսյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder