Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սոմալիում, որտեղ կան պիրատներ, Ս. Կարապետյանի արած արտահայտության համար որևէ մեկը չէր ձերբակալվի. Պաշտպան
«Մեր իրավապահ համակարգին բարություն է անհրաժեշտ։ Կարող է այս պահին շատ տրիվիալ հնչել, բայց ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այսօր Հայաստանում առկա է դասական իմաստով իրավունքի ճգնաժամ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, Սամվել Կարապետյանի անունը երբևէ արատավորված չի եղել, ունի այնպիսի կենսագրություն, որը բնորոշ է ազգային բարերարին, հունիսի 17-ի հարցազրույցում ընդամենը հայտարարել է. «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը»։
«Այդ նախադասությանը հաջորդում են Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի մի շարք ֆեյսբուքյան գրառումներ, այդ թվում սպառնալիքի՝ հաշվեհարդարի ուղիղ խոստումներ պարունակող։ Այդ պայմաններում ի՞նչ է տեղի ունենում։ Սամվել Կարապետյանը ժամերի ընթացքում ձերբակալվում է, այնուհետև կալանավորվում է ու մինչ օրս կալանավորված է»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ բարերարը կալանավորված է բացառապես հարցազրույցի համար։
Նա մանրամասնեց, որ առաջադրվել էր նաև տնտեսական բնույթի մի հերթական աբսուրդային մեղադրանք, չնայած այս ռեպրեսիաներին, օրենքով ու իրավունքով զսպվելու իսպառ բացակայությանը, դատախազության համառ ջանքերին՝ դատարանները գտան, որ մեղադրանքում հիմնավոր կասկած առկա չէ։
Փաստաբանն ընդգծեց, որ 2023-ից Հայաստանում կան բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ, չնայած եթե չկա ենթադրյալ հանցանքի հետ կապված որևէ առնչություն, ի՞նչ խափանման միջոց պետք է կիրառվի։
«Սա էլ է ողջամիտ հարց։ Բայց նույնիսկ այս պարագայում, երբ այդ արտահայտությունը համարվում է իբրև իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, այլընտրանքային խափանման միջոցներն էլ չեն կիրառվում։ Սա է այն իրականությունը, որ մենք տեսնում ենք»,-ասաց բանախոսը։
Գործընկերների հետ քննարկումների արդյունքում Վարդևանյանը մի աբսուրդային անալոգիա է արել, օրինակ, Սոմալիում, որտեղ դեռ պիրատներ՝ ծովահեներ կան, նման արարքի, արտահայտության համար որևէ մեկին չէին ձերբակալի, որևէ մեկը մեկ օր կալանավորված չէր լինի։
«Ես այս պնդումն անում եմ, թող որևէ մեկը հակափաստարկ բերի։ Եթե բերի, ավելի մեծ ողբերգություն կլինի»,-ասաց նա։