Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ. Խամոյանը ներկայացրեց Միքայել Աջապահյանի ուղերձը
Քաղաքական
17:20 09/09/2025
Հայաստան

Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ. Խամոյանը ներկայացրեց Միքայել Աջապահյանի ուղերձը

«Սիրելի հայրենակիցնե՛ր, ձեզ եմ ներկայացնում 2 ամսից ավել ապօրինի կալանավորված Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և ընթերցեց այն.

«Տեր, հույս ի՛մ և կյանք ի՛մ, ես ումից պիտի երկնչեմ
  Տեր, իմ կյանքի ապավեն, ես ումից պիտի դողամ

Գոհություն և փառք Ամենակալին իմ կյանքի վերջին 75 օրերին իր զորակցության և մխիթարության համար, առանց որի անհնար կլիներ դիմանալ աննախադեպ և աննկարագրելի անարդարության այն հորձանքին, որին ստիպված եղանք դիմակայել:
Շնորհակալություն նաև ձեզ, իմ սիրելիներ, բոլորդ, ովքեր ցավակից եք ինձ իմ կրած նեղությունների մեջ, որոնք բացարձակապես ոչինչ են մեր հայրենիքի կորստյան և մեր եղբայրների գերության տառապանքների հետ համեմատած:

Համարում եմ, որ անգամ անհարմար է խոսել այդ մասին, երբ մեր արցախցի հայրենակիցները հայրենազրկված են, և մեր եղբայրները` գերության մեջ խոշտանգված:
Բացարձակ ապօրինի և շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու այն օրենքի առջև, որի հանցավոր անտեսումով և ոտնահարումով դատում են ինձ հիմա:

և ես, ինձ Աստծուց տրված իշխանությամբ, որն անցավոր չէ իրենց ժամանակավոր իշխանության հետ համեմատած, դատապարտելու եմ իրենց և իրենց համախոհներին ոչ թե ժամանակավորապես, այլ հավիտենական։
Քրիստոս ասաց՝ «Ներիր, որովհետև չգիտեն, թե ինչ են գործում»: Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ «Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»:
Մեր սերը և ողջյունները մեր սիրելի ժողովրդի զավակներին։

 Իսկ վերջում կասեմ՝ «Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»:
Պինդ մնացեք, Աստված մեզ հետ է:

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

09.09.2025թ.»․

 Նա հայտնեց, որ գործընկերների հետ պարբերաբար այցելում են ԱԱԾ մեկուսարան  և տեսակցում Սրբազանին։

«Կարող եմ ասել, որ իր ամրությունը, կենսունակությունը և հավատն ապացույցն է նրա, որ այս խոսքերը մի օր կատարվելու են»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder