Ինչ հասկացավ Հայաստանը Նեպալի բռնկումից
Քաղաքական
10:36 11/09/2025

Ինչ հասկացավ Հայաստանը Նեպալի բռնկումից

Նախ՝ կրոնական զարմանքը։ Բա թե՝ իսկ Նեպալում բուդդիստներ չե՞ն, ինչ ապստամբել, ինչ ընդդիմանալ։ Փաստորեն՝ չէ։ Իսկական «բուդդիստները» մենք ենք՝ լիակատար թմբիրի մեջ նստած, անմասն գահավիժող ամեն ինչից։

Հետո զարմացան, թե՝ բայց այսքան բան մեկ-երկու սոցցանց փակելու համա՞ր։ Ես չգիտեմ ինչ կաներ Նեպալը, եթե իր «Արցախը» տային ուրիշի, բայց մեկ-երկու սոցցանցի ֆենոմենը գալիս է ասելու, որ երբեք չես իմանա, թե ինչը կլինի համբերության բաժակը լցնող վերջին կաթիլը՝ դպրոցական դասագրքերի խառնաշթոփը, քաղաքների ծառահատումներն ու անապատացումը, Երևանի արհեստական ուրբանիզացիան ու շինարարական փոշի-աղմուկը, քաղբանտարկյալների դատական հերթական նիստերից մեկը, վարչական բացարձակ անպատասխանատվությունը ցանկացած՝ ամենափոքր, նույնիսկ՝ համատիրության հարցեր լուծելու փորձերում, հոսանքանջատումները, ծավալները փոքրացնելու համար աղբավայրերի այրումը, որևէ քպ-ականի լկտի հերթական պահվածքն ու խոսքը... Իրոք՝ իշխանությունները պիտի իմանան, որ թեմաների առատության կողքին այլ՝ իբր շեղող թեմաներ չպիտի հնարեն։ Որովհետև կարող է իրենց հնարած թեման հենց դառնա այն վերջին կաթիլը, որով հայերը հասկանան, որ իրենք բուդդիստ չեն ու ընդդիմանալու իրավունք ունեն։

Քանի շառ չեն արել, ասեմ՝ ոչ Նեպալի նման։

Մինչև Նեպալին հասնելը այնքան ընդդիմանալու ձևեր կան, պարապ ընկած։

Մյուսը հիացմունքն էր. Բա թե՝ հետամնաց երկիր է, բայց պատվախնդրություն ունեն։ Դե, դեռ հարց է, թե ինչով են հետամնաց, ինչ դասագրքերով են սովորում, ինչպիսի հասարակական հարաբերություններ ու հանրային միասնություն է այնտեղ։ Եթե նկատի ունենք՝ տնտեսապես հետամնաց է, ապա այնպես չէ, որ Հայաստանում էլ ինքնաբավ գյուղատնտեսություն է, կանաչ այգիներ, հարյուրներով աշխատող ֆաբրիկաներ, 0 գործազրկություն, էլի։

Այնպես որ՝ պատվախնդրությունը տնտեսության մեջ փնտրողները «բուդդիստ» են։

Հա, մեկ էլ հասկացանք, թե ինչքան նախանձ կա մեջներս գործուն մարդկանց նկատմամբ։

Ով ի վիճակի է, ով կարող է, ով պատվախնդրորեն ու մարդկայնորեն կարողանում է ընդվզել, ընդդիմանալ անարդարությանը՝ նրանց մենք մի հատ նախ նախանձում ենք։

Անահիտ Ոսկանյան

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ հասկացավ Հայաստանը Նեպալի բռնկումից