Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արցախցիների վերադարձն Արցախ իրական օրակարգ չէ։ Կտրականապես` ոչ։ Լեռնային Ղարաբաղի՝ որպես միջազգային հակամարտության էջը փակված է ընդհանրապես, նույնիսկ եթե իշխանությունը փոխվի»,-Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ պատասխանելով հարցին, հնարավո՞ր է իշխանափոխությունից հետո հայաստանյան, միջազգային օրակարգ ներառվի արցախցիների հայրենիք վերադարձի խնդիրը։
Նա ընդգծեց՝ կորուստներ կան, որ անդառնալի են, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո բոլոր հնարավորություններն ունեինք Ղարաբաղը չկորցնելու կամ Ղարաբաղից մնացած տարածքում հայկականությունը երաշխավորելու։
«Բոլոր հնարավորություններն ունեցել ենք, և նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա թույլ էր տալիս։ Եթե հայկական կողմը բացահայտ արկածախնդրություն չաներ, ռուսական հարթակից չհրաժարվեր ու արևմտյան հարթակներում չսկսեր ինչ-որ բան փնտրել, որն այդպես էլ չգտանք, Արցախի մնացած հատվածի հայկականությունը կարող էինք ապահովել»,-ասաց մեր զրուցակիցը։
Արցախցիների հայրենիք վերադարձի մի քանի տեսական հնարավոր տարբերակներ կան։ Ըստ Սուրենյանցի դասակարգման, առաջինը. նոր պատերազմ պետք է լինի, հայկական կողմը հաղթի, որ մեր հայրենակիցների վերադարձ լինի։ Այս տարբերակն այս պահին քաղաքագետը ֆանտաստիկայի ժանրից է համարում։
Երկրորդ տարբերակի դեպքում արցախցիները կարող են վերադառնալ, եթե լինեն միջազգային երաշխիքներ։ Մինչդեռ, ըստ Սուրենյանցի, աշխարհում հիմա միջազգային իրավունքի տոտալ ճգնաժամ է, աշխարհքաղաքական որևէ կենտրոն չի կարող երաշխավորել արցախցիների անվտանգությունը։
«Ոչ մի կենտրոն 150 հազար արցախցիների համար նման հակադրության մեջ չի մտնի Ադրբեջանի հետ։ Բացի այդ, ուղղակի այդ երաշխքիները չեն գործելու։ Հանկարծ որևէ մեկին չթվա, որ ռուսներն էին Արցախում, դրա համար այդպես ստացվեց։ Համաշխարհային տուրբուլենտության պայմաններում խաղաղապահ որևէ առաքելություն չի աշխատում որևէ երկրում։ Արցախից մի քանի տարի առաջ մենք տեսանք, թե ինչպես են ամերիկացի խաղապահները խուճապահար հեռանում Աֆղանստանից։ Այսինքն, այդ երաշխիքները չեն գործում։ Պատճառը ոչ թե այն է, որ երաշխիք տվող ամերիկացիները կամ ռուսներն անբարեխիղճ են, այլ աշխարհն է փոխվել իր տրամաբանությամբ»,-մանրամասնեց քաղաքագետը։
Երրորդ տարբերակն էլ այն է, որ արցախցի մեր հայրենակիցները համաձայնեն վերադառնալ ու ապրել Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում, ինչն անհնար է, միայն մի հանգամանք, որևէ մեկն իր զավակին թույլ չի տա ծառայել ադրբեջանական զինված ուժերում։
«Այլ օրինակներ չեմ նշում։ Այս ամենը հուշում է, որ Արցախ վերադարձի կոնցեպտ չի կարող լինել։ Բայց Հայաստանը պետք օժանդակեր այդ մարդկանց, որպեսզի գույքային փոխահտուցման ու այլ իրավունքներ հետապնդին։ Մարդիկ գույք են կորցրել, ունեցվածք են կորցրել, դա պետք է դառնար միջազգային արդարադատության քննարկման թեմա։ Այս առումով պետք է պետությունը մինչև վերջ հետապնդեր, որպեսզի այս իրավունքները պաշտպանվեին»,-ընդգծեց Ս. Սուրենյանցը։
Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանի պատճառած վերքերը դեռ չեն սպիացել, երբ Հայաստանը շարունակաբեր զիջումների է գնում, իսկ Ադրբեջանի պահանջների վերջը չի երևում, հնարավո՞ր է իրական խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
«Իրական խաղաղությունը շատ հեռու է, շատ-շատ։ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը և դրանում առկա մեխանիզմը՝ TRIPP-ն իրենց մեջ աշխարհքաղաքական բախման ռիսկ է պարունակում։ Շատ պարզ է։ Այն ԱՄՆ-ի, Իսրայելի ու Ադրբեջանի շահերից բխող մի բան է, որին գործարկվելուն պես ակնհայտորեն հակադրվելու են Ռուսաստանն ու Իրանը, հետագայում նաև Չինաստանն ու Հնդկաստանը։ Շատ ռիսկային պրոեկտ է այն։ Եթե Հայաստանում խելքը գլխին իշխանություն լիներ և կարողանար BRICS-ի երկրնների, ավելի հստակ խոսքը Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի ու Չինաստանի մասին է, շահերը պաշտպանող երթուղի էլ Սյունիքով անցկացներ, այո, մենք կդառնայինք hub (կենտրոն-խմբ.) իսկապես»,-ասաց Սուրենյանցը՝ նշելով, որ այդ պարագայում միայն հնարավոր է այս ամենից դուրս գալ նվազագույն ռիսկերով։
Հակառակ դեպքում երբ TRIPP-ը սկսի գործարկվել, ունենալու ենք աշխարհքաղաքական բախում։
Քաղաքագետը համարում է, որ այս պարագայում ընդդիմության անելիքը, որը հավակնում է գալ իշխանության, պետք է լինի Հայաստանի Հանրապետության պահպանունը գոնե այս տարածքային ամբողջականության շրջանակում։