«Ժողովուրդ». Փաշինյանի նպատակը ոչ թե եկեղեցու և պետության խաղաղ գոյակցությունն է, այլ նոր բեմադրություն՝ «ժողովրդի անունից»
Օրվա մամուլ
08:34 19/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանի նպատակը ոչ թե եկեղեցու և պետության խաղաղ գոյակցությունն է, այլ նոր բեմադրություն՝ «ժողովրդի անունից»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ բացառիկ տեղեկություն․ Նիկոլ Փաշինյանը վերջնականացրել է Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդին գահընկեց անելու իր սցենարը։ Եթե մինչ այս ԱԺ ամբիոնից նա հայտարարում էր, թե պատրաստվում է Աստվածաշունչ կարդացած մարդկանց հետ, խորհրդի ձևավորման միջոցով գնալ Էջմիածին՝ «հոգևոր հավաքի», ապա հիմա այդ գաղափարը վերածվել է կոնկրետ ծրագրի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը պատրաստվում է օգտագործել Տեր Արամ քահանա Ասատրյանի խոսքերը, որոնք վերջինս հնչեցնում է դժգոհությամբ, թե եկեղեցու ներսում իրենց ճնշում են և ստիպում մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Փաշինյանի պլանի համաձայն, հենց այդ հայտարարությունների հիման վրա՝ նա փորձելու է վերնագրել իր քայլերը որպես «հոգևորականների իրավունքների պաշտպանություն» և բարձրացնելու է այն թեզը, թե կաթողիկոսը ճնշում է իր ստորադասներին, ու պետությունը պետք է եկեղեցին պաշտպանի կաթողիկոսից։

Այս սցենարում Փաշինյանի համար իսկական «նվեր» կլինի, եթե Գարեգին Երկրորդը որոշի նկատողություն տալ կամ կարգալույծ անել Արամ քահանային։ Դա կդիտարկվի որպես ևս մեկ պատժիչ գործողություն, և իշխանությունը կօգտվի պահից, կգրոհի Վեհարանի վրա՝ ներկայացնելով այն որպես «հոգևոր հավաք», «հոգևոր զրույց» և այլն։

Այս սցենարը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, իշխանության ներսում դիտարկվում է որպես մեծ քաղաքական քայլ, որը պետք է կյանքի կոչվի ՔՊ վարչության ընտրություններից հետո, բայց համապետական ընտրություններից առաջ:

Այսօր արդեն պարզ է. Փաշինյանի նպատակը ոչ թե եկեղեցու և պետության խաղաղ գոյակցությունն է, այլ նոր բեմադրություն՝ «ժողովրդի անունից» Էջմիածնի դռները թակելու և Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար։

ՔՊ-ն մտադիր է տեր Արամ քահանային Կաթողիկոսի տեղապահ կարգել, քանի որ կուսակրոն չէ, ամուսնացյալ քահանա է, որից հետո կկազմակերպի Ամենայն հայոց հայրապետի նոր ընտրություններ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանի նպատակը ոչ թե եկեղեցու և պետության խաղաղ գոյակցությունն է, այլ նոր բեմադրություն՝ «ժողովրդի անունից»