Փարաքարի համայնքապետի, նրա ընկեր ոստիկանի սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
Քաղաքական
09:09 24/09/2025
Հայաստան

Փարաքարի համայնքապետի, նրա ընկեր ոստիկանի սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի, նրա ընկերոջ՝ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածը վերաբերում է սպանությանը. հոդվածի 1-ին մասը  սահմանում է Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:

44 հոդվածը վերաբերում է հանցափորձին և դրա տեսակներին։  44-155-րդ հոդվածի 1-ին մասը սպանության փորձի մասին է։

335-րդ հոդվածը վերաբերում է  Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությանը։ Հոդվածի 1-ին մասը սահմանում է. Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ երեկ՝ կեսգիշերին մոտ՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա երկու զոհ, մեկ վիրավոր։

 Վոլոդյա Գրիգորյանը Փարաքարի համայնքապետ ընտրվեց այս տարվա մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում։ Նրա գլխավորած «Միասնություն» դաշինքը ստացել էր ընտրողների ձայների 57 տոկոսը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder