«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանը
Օրվա մամուլ
08:43 24/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նախկին անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կարկառուն անդամ Արամազդ Ղալամքարյանին երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է Ջրային կոմիտեի նախագահ: 2007 թվականից սկսած՝ Ղալամքարյանը ՀԱԿ-ի ակտիվիստներից է եղել, ՀԱԿ-ի հետ ակտիվ պայքարողների շարքում:

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց որոշ ժամամակ անց Ղալամքարյանը հեռացել է ՀԱԿ-ի շարքերից, սկսել է քննադատել ՀԱԿ առաջնորդների վարած քաղաքականությունը: Բավականին երկար տարիներ լինելով հավատարիմ (ՀԱԿ) կուսակցական՝ դրանով հանդերձ նա այս տարվա հունիսին մի սկանդալային գրառում էր արել «Ֆեյսբուք»-ում՝ նշելով, թե Ղարաբաղյան շարժումը «ԿԳԲ-ի նախաձեռնածն» է, իսկ Տեր-Պետրոսյանը «ԿԳԲ-ի ագենտ» է:

«Որոշեցի ամփոփել Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ու «Հայ ազգային կոնգրես»-ի էջը՝ մեկ անգամ և ընդմիշտ արձանագրելով որոշ դրվագներ, տալով դժվար հարցեր, լույս սփռելով որոշ դրվագների վրա, որոնց միջով ապրել ենք 1988-ից ի վեր։ Կանխավարկածս բավական հավակնոտ ու հանդուգն է. Կոնգրեսի իմ ներկա ու նախկին բազմաթիվ ընկերներ, ծանոթներ ու զինակիցներ ԱԶՆԻՎ ՉԵՆ, երբ քննադատում են գործող իշխանությանն ու պաշտպանում են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին շրջա- նում արված քայլերը։ Նախևառաջ արձանագրենք, որ ես իմ արած ՈՐԵՎԷ բանից չեմ հրաժարվում»,- նշել էր Ղալամքարյանը:

ՀԱԿ անդամների տարբեր «ամոթանքներից», դիտարկումներից հետո, թե նրա հայտարարությունը խայտառակություն է, Ղալամքարյանը հեռացրել էր իր գրառումը, բայց իշխանական լրատվակամիջոցները դրանք տարածել էին:

Արամազդ Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։ Նա Կոնգրեսից դուրս գալու դիմում էր գրել ապրիլին, որին հաջորդել էր Լևոն Տեր-Պետրոսյանի մասին սկանդալային գրառումը։ Ղալամքարյանը աշխատել է նաև «World Vision Armenia»-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ում, եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչը։

Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանը պաշտոնից ազատվեց սեպտեմբերի 11-ին։ Նա այդ պաշտոնում աշխատեց 4 ամիս. նշանակվել էր 2025 թվականի մայիսին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանը