«Ժողովուրդ». Բժիշկները ընտանիքին տեղեկացրել են, թե «աչքներդ լույս, առողջ աղջիկ է ծնվում», իսկ ժամեր անց նորածինը մահացել է
Օրվա մամուլ
08:38 27/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Բժիշկները ընտանիքին տեղեկացրել են, թե «աչքներդ լույս, առողջ աղջիկ է ծնվում», իսկ ժամեր անց նորածինը մահացել է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ողբերգական դեպք է տեղի ունեցել Մասիս քաղաքում գործող «Էդեմ» ԲԿ-ի ծննդատանը։ Ըստ հարազատների՝ բժիշկները փոքրիկի սպասող ընտանիքին տեղեկացրել են, թե «աչքներդ լույս, առողջ աղջիկ է ծնվում», իսկ ժամեր անց նորածինը մահացել է։ Armlur.am-ը զրուցել է երեխայի մոր հետ: Նորածին երեխայի մայրն ու տատիկը պահանջում են երեխայի դատաբժշկական փորձաքնությունը իրականացվի մեկ այլ հիվանդանոցում, որ որևէ բան չկոծկվի։

Մահացած երեխայի հարազատները, այդ թվում՝ տատիկը, ասում էին. «Սեպտեմբերի 25-ին՝ նշված հիվանդանոցի բժիշկների կողմից նշանակված օրը, բերել ենք ծննդատուն, մի քանի ժամ մնացել է բժիշկների հսկողության տակ, ովքեր մեզ անընդհատ ասում էին, թե ոչ մի խնդիր չկա, մայրը առողջ է, պտուղը առողջ է ու նույնիսկ մի քանի անգամ աչքալուսանք էին տալիս՝ ասելով, թե ամեն ինչ լավ է, առողջ աղջիկ եք ունենալու: Դե մենք էլ ոգևորված ու ուրախացած սպասում էինք, որ երեխայի ծնվելուց հետո կմտնենք, կտեսնենք երեխային, բայց գիշերը մի տեսակ աժիոտաժ ստեղծվեց ծննդատանը ու մեր մտքով չէր անցնում, որ այն կապված է մեր հարսի ծննդաբերության հետ: Փորձում էինք անընդհատ ճշտել, սակայն չէին պատասխանում»:

Դրանից հետո տատիկը մտել է հիվանդանոց և երեխային հայտնաբերել մահացած: Փորձել է բժիշկներին, հանդիպել, սակայն ոչ ոք չի մոտեցել ու պատասխանել ծնողների հարցերին: Այժմ երեխայի ծնողները պահանջում են իրենց նորածնի դին, նաև հայտնում են՝ մինչև իրենց էլ են նման դեպքեր եղել, և իրենք այժմ բարձրաձայնում են, որպեսզի սա վերջին դեպքը լինի և ուրիշ մարդի զոհ չգնան բժշկի ոչ պրոֆեսիոնալ մոտեցմանն ու նման ողբերգություն իրենց կյանքում էլ չլինի:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեպքի մասին տեղեկացվում է ոստիկանության Մա- սիսի բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանում հերթապահ խումբը, իսկ այս պահին էլ (26.09.2025) նշված բժշկական կենտրոնում ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչը քննչական գործողություններ է կատարում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder