«Ախմատի» մարզիչ Չերչեսովը հրաժարվել է սեղմել Սպերցյանի ձեռքը
Աշխարհում
16:16 08/10/2025
Աշխարհ

«Ախմատի» մարզիչ Չերչեսովը հրաժարվել է սեղմել Սպերցյանի ձեռքը

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի և «Ախմատ» խաղացող Ուսմանե Նդոնգի միջև տեղի ունեցած միջադեպից  րոպեներ անց՝ փոխարինվելուց առաջ, հայ ֆուտբոլիստը մոտեցել է մրցակցի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին  ձեռքը սեղմելու, սակայն վերջինս թողել և հեռացել է։ 

Ֆուտբոլի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանն է տեսանյութ հրապարակել ու գրել. «Չերչեսովի լկտի քայլը Սպերցյանի նկատմամբ:

«Ախմատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպից 3 րոպե անց Էդուարդը փոխարինվեց, որից հետո մոտենում է, որ սեղմի Չերչեսովի ձեռքը, իսկ մնացածը տեսեք ինքներդ»։ 

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 11-րդ տուրի «Ախմատի» դեմ կայացած խաղում (2։0) մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը Սպերցյանի ծնոտին հարվածելու համար կարմիր քարտով հեռացվել էր խաղադաշտից։ Խաղից հետո տված հարցազրույցում նա մեղադրել էր Սպերցյանին իր հասցեին ռասիստական վիրավորանքներ հնչեցնելու մեջ։

 Էդուարդ Սպերցյանը հերքել է դա և ասել, որ Նդոնգը հայհոյել է իրեն։ Սպերցյանը նաև հատուկ հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Պատրաստ եմ ցանկացած կերպ ապացուցել իմ իրավացիությունը։ Նայեք տեսախցիկները, կարդացեք շուրթերով՝ ոչ մի խնդիր չկա։ Ես վստահ եմ իմ վրա և գիտեմ, որ ես դա չեմ ասել։ Ես մեծացել եմ Կովկասում, ճիշտ դաստիարակություն եմ ստացել և երբեք նման բան ինձ թույլ չէի տա։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ճիշտն ասած, ծիծաղելի է ու կրկեսի է նման։ Ես պատասխանատու եմ իմ բոլոր բառերի համար»։

Այս սկանդալից հետո Էդուարդ Սպերցյանը կարող է որակազրկվել մինչև 10 խաղով, եթե ապացուցվի, որ կիսապաշտպանը ռասիստական ​​վիրավորանքներ է հասցրել Ուսմանե Նդոնգին։ ՌՖՄ-ի վերահսկողական և կարգապահական կոմիտեն շարունակում է քննարկել գործը, և սպասվում է, որ որոշում կկայացվի առաջիկա օրերին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder