Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մկրտիչ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ 09։25-ին։ Կալանքի միջնորդության քննությունից հետո ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Այստեղ իրավաբանություն չկա։ Լինելու է այն, ինչ որոշված է։ Այն որ ասում են՝ գործ կարելու մշակույթն էլ չկա, սա է»,- նշեց Ե.Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում: Դատավորը Կարեն Ֆարխոյանն է:
Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Նշենք, որ փաստաբան Մարինե Ֆարմանյանն ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էր, որ Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք, որ Տեր Արամը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով. «Մանավանդ որ ես Երևանում էի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին։ Եթե չմասնակցեի, խնդիրներ կլիներ, պետք է հստակ բացատրեի, թե ինչու չէի գնում։ Այդ պահի թելադրանքը վերևից այդպես էր»։