Մկրտիչ Սրբազանի կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը
Իրավունք
23:34 15/10/2025
Հայաստան

Մկրտիչ Սրբազանի կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1)՝ 16.10.2025թ. ժամը 00:30-ին: Դատավորը Կարեն Ֆարխոյանն է: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ 

Հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Նշենք, որ փաստաբան Մարինե Ֆարմանյանն ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էր, որ Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ Տեր Արամը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով. «Մանավանդ որ ես Երևանում էի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին։ Եթե չմասնակցեի, խնդիրներ կլիներ, պետք է հստակ բացատրեի, թե ինչու չէի գնում։ Այդ պահի թելադրանքը վերևից այդպես էր»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մկրտիչ Սրբազանի կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը