Հույս ունեմ, որ Ջալալ Հարությունյանն ամբողջությամբ կկրի պատիժը. Փաստաբան
Իրավունք
17:11 16/10/2025
Հայաստան

Հույս ունեմ, որ Ջալալ Հարությունյանն ամբողջությամբ կկրի պատիժը. Փաստաբան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Panorama.am-ի հետ զրույցում Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տարածված տեղեկությունը ոչ հերքեց, ոչ հաստատեց։ Հարցին, թե որ ՔԿՀ է տեղափոխվել նախկին բարձրաստիճան զինվորականը, չպատասխանեց, ասաց՝ անձնական տվյալներ են։

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը դատապարտվել էր 5.5 տարի ազատազրկման 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով։ Վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններն անփոփոխ են թողել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Վճռաբեկ դատարանը որոշումը կայացրել էր սեպտեմբերի 26-ին։ Որոշումն ուժի մեջ էր մտնում հրապարակման օրը։ Վճռաբեկ դատարանը դրա մասին գրություն էր ուղարկել Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի

Տուժողների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Հարությունյանի ՔԿՀ տեղափոխվելու մասին տեղեկացել է մամուլից։ Նա կարծում է, որ Ջ. Հարությունյանին տեղափոխել են կամ «Կենտրոն», կամ «Վարդաշեն» ՔԿՀ։

Ամեն կերպ վաղեմության ժամկետի ավարտին ձգտող նախկին հրամանատարը հնարավո՞ր է ինչ-որ կերպ խուսափի պատժի ամբողջական կրումից։

Հարցին ի պատասխան Լ. Սիմոնյանը նշեց՝ հույս ունի, որ Ջ. Հարությունյանն ամբողջությամբ կկրի պատիժը։ Նա նշեց,  Քրեական, Քրեական դատավարության մասին օրենսգրքերը սահմանում են վաղաժամկետ պայմանական  ազատում պատժի կրումից, և եթե փորձաքննության արդյունքում պարզ դառնա, որ որ նա ի վիճակի չէ պատիժը կրել այդ պայմաններում։

Նշենք, որ Ջ. Հարությունյանի առողջական խնդիրների մասին հաճախ է նշվել դատական նիստերի ընթացքում, ի պատասխան տուժողները  նշել են, որ ծանր վիրավորումից հետո Ջ. Հարությունյանն ապաքինվել է, նրա խոսքը հստակ է, հիշողությունը լավ է, ավելին նա պատերազմից հետո ամուսնացել է ու երեխա ունեցել։

Հիշեցնենք, որ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին) նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ 

Քրեական օրենսգրքի 550 հոդվածը վերաբերում է զինվորական պաշտոնեական անփութությանը, հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։

Ավելի հստակ. դատարանը մեղավոր է ճանաչել Ջալալ Հարությունյանին 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի ուղղությամբ՝ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում «Ցորի» զորամասի 20 զինծառայողների մահվան համար, ովքեր սխալ հրամանի պատճառով հայտնվել էին ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և սպանվել։ Ըստ իրավապահների՝ Ջալալ Հարությունյանի սխալ հրամանի պատճառով են զինվորները հայտնվել հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ զոհվել են, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հույս ունեմ, որ Ջալալ Հարությունյանն ամբողջությամբ կկրի պատիժը. Փաստաբան