Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրվա ընթացքում քանի անգամ պետք է կերակրվի նորածինը, որքան հաճախականությամբ, ինչ խնդիրներ կարող են առաջանալ. Խորհուրդներ բժշկուհի Գոհար Մարգարյանից
Կրծքով կերակրման առավելությունների, օգտակարության մասին մշտապես խոսվել է։ Այն կարևոր է երեխաների, նաև մայրիկների առողջության համար՝ ինչպես հենց այդ պահին, այնպես էլ հետագայում։ Բնականաբար, կրծքով կերակրումն ունի իր դժվարությունները, սակայն այն միտքը, որ կրծքով կաթն առողջարար է նախ և առաջ քո փոքրիկի համար, ամեն դժվարություն մի կողմ է դրվում ու հաղթահարվում է։
Panorama.am-ը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական ծառայության բժիշկ Գոհար Մարգարյանի հետ զրուցել է կրծքով կերակրման հիմնական կանոնների, խնդիրների, նորաթուխ մայրիկների մտավախությունների մասին։ Բժշկուհին իր օգտակար խորհուրդներով էլ ավելի հաճելի կդարձնի մայր-երեխա այդ անմիջական ու անմոռանալի շփումների պահերը։
Panorama.am-Կրծքով կերակրման հիմնական կանոնները, որոնց պետք է հետևի մայրիկը։
Գոհար Մարգարյան- Առաջին և ամենակարևոր պայմանը հիգիենայի կանոններին հետևելն է՝ մաքուր ձեռքերը։ Կերակրելուց առաջ մոր ձեռքերը պետք է մաքուր լինեն։
Ճիշտ դիրք. մայրն ու երեխան պետք է հարմարավետ դիրքում լինեն կերակրման ընթացքում, որպեսզի կերակրումները չդառնան ցավոտ։
Ճիշտ բռնումը. երեխան պետք է պտուկն ու շրջակա մուգ շրջանն ամբողջությամբ վերցնի բերանի մեջ։
Շփումը՝ մաշկը մաշկի հետ. նպաստում է լակտացիայի շատացմանն ու երեխայի հուզական կապի խորացմանը։
Հաճախակի կերակրումները. երեխային պետք է կերակրել ըստ պահանջի։ Սովորաբար, երեխաները կերակրվում են ամեն անգամ, երբ ցանկանում են, անգամ եթե դա լինում է հաճախակի։
Մինչև երեխայի 6 ամսականը՝ հավելյալ ջուր կամ այլ սնունդ չպետք է տալ։ Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ բժիշկն է նշանակում որևէ հատուկ պատճառներով։
Panorama.am-Ի՞նչ դիրքով պետք է մայրը պահի երեխային, որպեսզի երեխան հեշտությամբ կարողանա ուտել, նաև մայրիկին հարմար լինի, բացի այդ բացասական հետևանքներ չառաջացնի՝ պտուկի ճաքեր, մաստիտ և այլն։
Գոհար Մարգարյան- Ճիշտ դիրքն օգնում է խուսափել մոր մոտ պտուկի ճաքերից, մաստիտից, երեխայի գերհոգնածությունից։
Ամենատարածված ու հարմար դիրքերն են՝
Գրկում պահած դասական դիրք. մայրը նստած է, երեխան դեմքով դեպի մայրիկի կուրծքն է, գլուխը դրված է մոր բազկի վրա։
Խաչաձև գրկում դիրք. մայրը երեխայի մարմինը պահում է մի ձեռքով, մյուսով ուղղում է կուրծքը՝ հեշտ բռնելու համար։
Ֆուտբոլային դիրք. հարմար է կեսարյան հատումով ծննդաբերած մայրիկների համար. երեխան կողքով է, ոտքերը հետ, կուրծքը դիմացից։
Պառկած դիրքը հարմար է գիշերային կերակրումների համար։ Այս դեպքում մայրիկն ու երեխան պառած դիրքում են։
Կարևոր է, որ երեխայի գլուխն ու մարմինը լինեն մեկ գծով, գլուխը մի փոքր բարձրացված, որպեսզի կուլ տալը հեշտ լինի, քիթը լինի ազատ՝ մոր կրծքի վրա հպված։
Panorama.am-Ինչքա՞ն ժամանակ պետք է ուտի երեխան, ի՞նչ հաճախականությամբ։
Գոհար Մարգարյան-Նորածինները պետք է կերակրվեն ըստ պահանջի, այսինքն այնքան հաճախակի և երկար, որքան երեխան ցանկանում է։ Միջինում նորածինը կերակրվում է 2-3 ժամը մեկ, օրական լինում է մոտ 8-12 անգամ։ Յուրաքանչյուր կերակրումը տևում է մոտ 10-20 րոպե՝ մեկ կրծքով։ Պետք է անպայման հետևել, որ երեխան մեկ կուրծքն ամբողջությամբ դատարկի, այլապես կստանա միայն առաջնային կաթը, որն ավելի շատ հարուստ է սպիտակիցներով, իսկ հետին կաթ քիչ կստանա, որն ավելի շատ հարուստ է ճարպերով։
Ադեկվատ կերակրվելու նշաններն են. երբ երեխան կերակրվելուց հետո հանգստանում է, դադարում է լացել, դեմքը հանգիստ տեսք ունի և սկսում է քնել։ Դինամիկայում ունենում ենք քաշի և աճի ավելացում։ Կարևոր նշաններից է միզարձակումների և կղարձակումների ադեկվատ քանակը։ Մեզը պետք է լինի բաց գույնի կամ անգույն։
Նորածինները կարող են հաճախ կերակրվել ոչ միայն սովի զգացում ունենալուց, այլ նաև հուզական կարիքները բավարարելու նպատակով։
Panorama.am-Ուտելուց հետո ի՞նչ դիրքով է անհրաժեշտ պահել երեխային, որքա՞ն ժամանակ սպասել ու նոր պառկեցնել։ Ի՞նչ դիրքով պառկեցնել երեխային, որպեսզի կաթը հետ չգա։
Գոհար Մարգարյան- Կերակելուց հետո երեխային անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ մոտ 15-20 րոպե, պահել ուղղահայաց դիրքով, երեխայի գլուխը կարող է հենված լինել մայրիկի ուսին կամ կրծքին։ Այդ ընթացքում հնարավոր է երեխան մի փոքր փսխի՝ կաթի ավելորդ քանակը դուրս բերի կամ տվյալ ժամանակահատվածում կարող է նաև արտազատի գազերը։
Երեխային քնեցնել կողքի դիրքով կամ մեջքի վրա՝ թեք անկյան տակ։ Ապահով կողմնային դիրքը հաճախ օգտագործվում է կաթի վերադարձից խուսափելու համար։ Ոչ մի դեպքում առաջին ամիսների ընթացքում երեխային չպետք է պառկեցնել փորիկի վրա, քանի որ տվյալ դեպքում խեղդվելու ռիսկը բավականին մեծ է։
Panorama.am- Եթե երեխան քնած է երկար ժամանակ, նախորդ կերակրումից անցել է նախատեսվածից ավելի ժամանակ, կարելի՞ է քնած երեխային կերակրել։
Գոհար Մարգարյան-Ծնվելուց հետո՝ առաջին շաբաթների ընթացքում, երեխային անհրաժեշտ է արթնացնել յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ ու կերակրել, քանի որ առաջին շաբաթների ընթացքում բավականին մեծ է երեխայի քաշի կորստի առաջացման հավանականությունը։ Այդ իսկ պատճառով չպետք է թողնել, որպեսզի երեխան 4 ժամից ավելի քնած մնա, անհրաժեշտ է արթնացնել։
3-4 ամսականից հետո, երբ երեխան սովորել է կերակրման սովորույթներին, ավելացրել է նորմալ քաշ, այդ դեպքում կարելի է սպասել, չարթնացնել յուրաքանչյուր 4 ժամը մեկ։ Երեխան կարթնանա այն ժամանակ, երբ կերակրվելու կարիք ունի։ Դա, իհարկե, վերաբերում է, գիշերային քնին։
Panorama.am- Ո՞ր դեպքերում են սովորաբար երեխաները հրաժարվում բռնել կուրծքը, այսինքն՝ ուտելուց։ Ի՞նչ անել։
Գոհար Մարգարյան-Հնարավոր պատճառները, որոնց ժամանակ երեխան հրաժարվում է կրծքից, կարող են լինել՝ սխալ բռնումը կամ անհարմար դիրքը, լակտացիայի հետ կապված որոշակի խնդիրները, կամ շատ, կամ քիչ արտադրված կաթը, երեխայի հոգնածությունը կամ քնկոտությունը, երբ ցավում է երեխայի ականջը, կոկորդը կամ բերանը, այսինքն երեխայի մոտ առկա է որևէ վիրուսային պատկեր, կամ մայրը փոխել է օծանելիքը, օգտագործել որոշակի սնունդ կամ դեղորայք, որոնք փոխում են կրծքի կաթի համը, ինչ-ինչ պատճառով շշով կամ ծծակով կերակերվելու սովորություն է ձեռք բերել երեխա։
Ի՞նչ անել այս բոլոր դեպքերում։ Իհարկե, փորձել երեխային կերակրել կրծքով տարբեր դիրքերով, կարելի է կաթը մի փոքր արտահոսեցնել ձեռքով, պտուկը փափկեցնել, նոր կուրծքն առաջարկել երեխային, մաշկը մաշկի հետ շփում ապահովել, որը նպաստում է լակտացիայի շատացմանը։ Երեխային մինչև կրծքով կերակելը, կրծքին մոտեցնել դանդաղ շարժումներով, գրկել, հանգստացնել ու նոր առաջարկել կուրծքը։ Երբեմն օգնում է կերակրումը մութ սենյակում կամ երբ միացվում է դանդաղ, հանգիստ երաժշտություն։ Հարկ եղած դեպքում ցանկալի է խորհրդակցել կրծքով կերակման մասնագետի կամ մանկաբույժի հետ, որոնք տվյալ դեպքում կարող են խորհուրդներով օգնել նորաթուխ մայրիկին ավելի հեշտ կերակրել կրծքով։
Panorama.am-Մայրը կերակրելու ընթացքում ցավեր, տհաճ զգացողություն է ունենում կրծքի շրջանում։ Ի՞նչ անել այդ դեպքում, ի՞նչը կարող է լինել պատճառը։
Գոհար Մարգարյան-Կրծքով կերակրելը, այո, սկզբում կարող է որոշակի անհարմարություն առաջացնել, բայց կայուն ցավ երբեք չպետք է լինի։ Եթե կա ցավ, սովորաբար նշան է, որ ինչ-որ բան սխալ է ընթանում։
Որո՞նք կարող են լինել ցավի հիմնական պատճառները.
Սխալ բռնումը, երբ երեխան միայն պտուկն է ծծում, ոչ թե պտուկն ու կողքի մուգ հատվածն ամբողջությամբ է բռնում։ Այդ դեպքում պտուկի ձևը փոխվում է դուրս հանելուց հետո՝ լինում է սեղմված ու տափակ։
Պտուկների ճաքերն ու վերքերը, որոնք կարող են առաջանալ սխալ բռնելու, կամ չոր մաշկի, կամ հիգիենայի խանգարման պատճառով։
Կրծքի գերլցումը, երբ կաթը շատ է կուտակվում, կուրծքը կոշտանում է ու ցավոտ է դառնում։
Հնարավոր պատճառներից է կրծքածորանների խցանումը կաթով, երբ մեկ կետում գոյանում է կոշտ գնդիկ, որը ցավոտ է և երբեմն կարող է տվյալ հատվածը արտաքինից լինի կարմրած։
Մաստիտի առաջացումը՝ կրծքի բորբոքում։ Այս պարագայում բացի ցավից, մայրիկներն ունենում են ջերմության բարձրացում, այտուց, հաճախ կարող է լինել միակողմանի։ Այս տարբերակում պահանջվում է բժշկի միջամտություն, կարիքի դեպքում հակաբիոտիկների կիրառում։
Կրծքի պտուկի սնկային վարակը։ Այս տարբերակում պտուկները լինում են վառ վարդագույն, փայլուն, ցավը կարող է լինել երկարատև, սուր, երբեմն նույնիսկ առանց կերակրելու ցավ է լինում։ Սնկային ախահարման տարբերակում երեխայի լեզվի վրա կարող է լինել սպիտակ փառ։ Այն բավականին դժվար է պոկվում։
Ի՞նչ անել այս բոլոր դեպքում.
Ստուգել և ուղղել երեխայի բռնելու ձևը, անհրաժեշտության դեպքում վերադասավորել դիրքը։ Պտուկների ճաքերի դեպքում խորհուրդ է տրվում մայրիկին՝ մի փոքր կթի ու քսի պտուկի հատվածում, որը կարող է մի փոքր փափկեցնել պտուկը։ Այս տարբերակում կարելի է օգտագործել լանոլին պարունակող փափկեցնող քսուքներ։ Չի կարելի օգտագործել որևէ հոտավետ քսուքներ, քանի որ դա կարող է առաջացնել կերծքով կերակրման կեղծ հրաժարման փուլ։
Գերլցման դեպքում խորհուրդ է տրվում մայրիկին տաք լոգանք ընդունել ու մերսող շարժումներով ապահովել կաթի արտահոսք։ Եթե ցավն ուժեղ է, տևում է 2-3 օրից ավելի, մայրիկը պետք է դիմի կրծքով կերակրման մասնագետի կամ այլ բժշկի։ Կերակրման ընթացքում չպետք է ցավն ընդունել որպես նորմալ տարբերակ։
Panorama.am- Հատկապես առաջին երեխայի դեպքում մայրիկները մտավախություն ունեն՝ եթե երեխային ճիշտ դիրքով չպառկեցնեն, կաթը հետ գնա, երեխան խեղդվի, կամ՝ վրայի ծածկոցը քաշի, քիթիկը փակի, չկարողանա շնչել։ Ի՞նչ խորհուրդ կտաք մայրիկներին։
Գոհար Մարգարյան-Իհարկե, այս մտահոգությունները բնական են, հատկապես եթե մայրիկը նորաթուխ է։ Խուճապից խուսափելու և անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հետևել անվտանգ քնի խորհուրդներին։
Որոնք են անվտանգ քնի կանոնները. երեխային միշտ պառկեցնել մեջքի վրա, երբեք փորի վրա չպառկեցնել, ցանկալի է երեխան քնի առանձին մահճակալում, ոչ մայրիկի կողքին, քանի որ դա ռիսկային է։ Գերհոգնած մայրիկը, իհարկե, ոչ գիտակցաբար, հնարավոր է հրի երեխային, առաջացնի մեխանիկական վնասվածքներ։
Ծածկոցներ, բարձեր, խաղալիքներ չպետք է լինեն երեխայի մահճակալի վրա։ Եթե ծածկոց է օգտագործում մայրիկը, ապա պետք է ծածկի մինչև գոտկատեղն ու ամուր։ Այս տարբերակում մայրիկներին օգնության կարող են հասնել քնապարկները, որոնք անվտանգ են ու շատ հարմարավետ։
Panorama.am-Ի՞նչ է ցույց տալիս Ձեր պրակտիկան՝ գնալով ավելի քիչ կանա՞յք են կրծքով կերակրում երեխաներին, թե՞ հակառակը։ Եթե քիչ, ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել։
Գոհար Մարգարյան-Հիմնվելով ուսումնասիրությունների, պաշտոնական տվյալների, վերջին տարիների առողջապահական փորձի վրա, ընդհանուր միտումն է՝ կրծքով կերակրման վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացել է, սակայն պրակտիկ կիրառման մակարդակն ավելի ցածր է, քան ցանկալի մակարդակն է։
Դրական միտումները նրանք են, որ վերջին տարիներին մանկաբույժները, հղիության դասընթացները, հիվանդանոցներն ավելի ակտիվ են անդրադառնում այս թեմային, աջակցող նախաձեռնություններ, ծրագրեր են իրականացվում, ակտիվացել են կրծքով կերակման մասնագետները, որոնք ճիշտ ժամանակին օգնում են նորաթուխ մայրիկներին ավելի հեշտ ադապտացվել կրծով կերակրմանը։
Որոշ երկրներում կամ խմբերում դիտվում է կրծքով կերակրման կրճատում։ Դրա պատճառներից մեկը սոցիալական և աշխատանքային ճնշումն է։ Վերջին տարիներին նորաթուխ մայրիկները ծննդաբերելուց հետո ուզում են շուտ վերադառնալ աշխատանքի, որն անհասանելի է դարձնում կրծքով կերակրումը։
Հաջորդ և հիմնական պատճառը կրծքով կերակրման ձախողման դեպքում մեղավորության և վախի զգացումն է, հատկապես առաջնածին մայրիկները վախենում են, որ կարող են սխալ կերակրեն, կողքից աջակցություն ստանալու փոխարեն կարող է շատերի կողմից դատապարտվել, որն ավելի է խորացնում այդ վախի զգացումը։ Այստեղ մայրիկին օգնության է հասնում ադապտացված կաթնախառնուրդը։
Որոնք են կրքծով սնուցման կարևորությունը երեխայի համար. կրծքով կերակրման գործընթացը նպաստում է երեխայի ծնոտի, լեզվի, եվստախյան փողի մկանների զարգացմանը, որը հետագայում նվազեցնում է ականջի վարակների զարգացման հավանականությունը, նպաստում է խոսքի ավելի հեշտ ձևավորմանը, նվազեցնում է հետագայում օրթոդոնտիկ խնդիրների վտանգը։ Կրծքի կաթի բաղադրության մեջ կան մի շարք հակամարմիններ, որոնք պաշտպանում են երեխային մի շարք հիվանդություններից։ Իհարկե, կրծքի կաթ չստացող երեխաներն այդ հիվանդություններով հիվանդանալու ավելի մեծ վտանգ ունեն։
Որոնք են մայրիկի առավելությունները. ավելի արագ է վերականգնում այն կազմվածքը, որն ուներ մինչև հղինալը, բարելավում է ոսկորների հետծննդյան հանքայնացումը և կանխում է հետագայում՝ մեծ տարիքում, կոտրվածքների հավանականությունը, նվազում է ձվարանի, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։
Ընտանիքի համար առավելությունները. ամենակարևորը ֆինանսական ծախսերի կրճատումն են, քանի որ կրծքով կերակրման ժամանակ կարիք չի լինում հավելյալ գումար ծախսել կաթնախառնուրդների, ծծակների, շշերի, այլ պարագաների ձեռք բերման համար։ Ընտանիքի համար ավելի հեշտ է շրջագայել կրծքով սնուցվող երեխայի հետ։
Համայնքի համար առավելությունները. քանի որ կրծքով սնուցումը նվազեցնում է մանկական հիվանդացությունը՝ այդպես նվազեցվում են նաև առողջապահական ծախսերը։
Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու և մայրիկների համար օգտակար խորհուրդների համար։