Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանի 70-ամյակն է. Դստեր հուզիչ շնորհավորանքը
«Երբեմն թվում է, թե ամեն բառ ավելորդ է… երբեմն թվում է՝ անիմաստ է ինչ-որ բան գրել, էմոցիաներ կիսել համացանցում։ Բայց լինում են օրեր, երբ լռել չես կարող , երբ բառերն են դառնում միակ ձևը՝ խեղդված զգացմունքները դուրս բերելու»,-գրել է Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Նա նշել է.
«Այսօր հայրիկիս 70-ամյակն է… իսկ մենք խենթանում ենք անզորությունից՝ որ չենք կարող պարզապես զանգահարել ու ասել. _Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր։
Կներես մեզ, անզորներիս… մեր բարի, մեր ամուր պապա։Օդային գրկում ենք քեզ՝ այնքան սերտ, որքան թույլ է տալիս սիրտը։ Դու կզգաս մեր ջերմությունը՝ այն ուժը, որ պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։
Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։ Դու գալու ես… վստահ ենք..Խոստացել ես...»։
Հիշեցնենք, որ 2023-ի հուլիսին Բաքվի դատարանը հրապարակել է Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով որոշումը։ Արցախցի տղամարդը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
15 տարուց 5-ը Խաչատրյանը կանցկանցի բանտում, 5-ը՝ ուղղիչ գաղութում։
Վագիֆ Խաչատրյանը վերջին խոսքով դիմել էր դատարանին ու ասել. «Ես անմեղ մարդ եմ։ Ես այնտեղ չեմ եղել։ Այդ մարդիկ չեն կարող ասել, որ ինձ տեսել են։ Բայց ես այնտեղ չեմ եղել։ Ինձ ոչ մեկ չի ճանաչում։ Հարգելի պարոն դատավոր, ես անմեղ մարդ եմ, չեմ մասնակցել այդ կռիվներին։ Կան սարքավորումներ, որոնք որոշում են, թե մարդը ճիշտ է ասում, թե՞ սուտ։ Ես ուզում եմ այդ սարքավորումով ցուցմունք տալ, ասել, որ ես այնտեղ չեմ եղել»։
Արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է 2023թ. հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։ Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։