8-10 ծնող ենք եղել, ռազմականից 9 տուժող, փաստորեն Տորք անգեղն ենք. Արսեն Ղուկասյան
Հասարակություն
17:59 31/10/2025
Հայաստան

8-10 ծնող ենք եղել, ռազմականից 9 տուժող, փաստորեն Տորք անգեղն ենք. Արսեն Ղուկասյան

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և աշխատակիցների, և կալանավորների կողմից արժանացել եմ մարդկային վերաբերմունքի։ Չէի սպասում նման վերաբերմունք»,- դատարանի որոշմամբ ազատ արձակվելուց հետո լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին, ապա մեկ ամսով կալանավորվել «խուլիգանության» համար։  Այսօր դատախազը միջնորդեց կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգել։ Դատավորը որոշեց, որ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվում է՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք, բացակայելու արգելք և 1 մլն դրամ գրավ։

Հարցին՝ ինչո՞ւ էր ՊՆ մոտ մեքենայից հանում ձեռնափայտը, Ա. Ղուկասյանն ասաց. «Այդ ձեռնափայտը տարին 12 ամիս իմ մեքենայի մեջ է։ Երբ մոտեցա ու տեսա Ռազմական ոստիկանության ծառայողներին, որոնք մեզնից մի քանի անգամ շատ էին, ծնողներին ֆուտբոլի գնդակի նման այս ու այն կողմ էին տանում, խփում էին, ձեռնափայտը վերցրել եմ... նոր էլ որ դահլիճ մտա, բարձրացրեցի վերև, հիմա ինչ է, սպառնո՞ւմ էի։ 

Առաջին անգամը չէ, որ ռազմականի տղաները ջարդում են ինձ։ Ինձ մի անգամ էլ ԿՊՊ-ի տուռնիկետների տակ քուֆթի միս էին սարքել, այն ժամանակ ձայն չհանեցի, չբողոքեցի, բայց դա ոնց որ իրենց մոտ դառնում է  սովորական, երբ կգնանք, կջարդեն, մի հատ էլ ձեզ կմեղադրեն։

Պատկերացնում եք՝ 8-10 ծնող ենք եղել, ռազմականից 9 տուժող։ Կամ մենք ենք Տորք անգեղը.. Ոչ մեկին ոչ կպել եմ, ոչ խփել եմ։ Հայհոյանք եմ հնչեցրել։ Դահլիճում էլ ասացի՝ ով կարող է զոհվածի ծնողի վրա ձեռք բարձրացնի, անհետ կորածի ծնողին խփի, ինձ համար թուրք է»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
8-10 ծնող ենք եղել, ռազմականից 9 տուժող, փաստորեն Տորք անգեղն ենք. Արսեն Ղուկասյան