Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաոսի մեջ նման երևույթները պարարտ հող են ունենում. Միրա Անտոնյանը՝ փոքրիկ Տիգրանի ողբերգական սպшնության մասին
Երեքամյա Տիգրան սպանությունը ցնցել է հասարակությանը։ Մասնագիտական տարբեր շրջանակներ քննարկում են պատճառները, փնտրում մեղավորներ, նշում անելիքները։ Օրեր անց փոքրիկի ողբերգական մահվան մասին կմոռանան, կանցնեն կեղծ պատարագների, խաղաղության ու այլ օրակարգերի քննարկմանը։
Հիշեցնենք, երեկ ՆԳ նախարարը հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած երեքամյա երեխային, նախնական տվյալներով, հայրն է խեղդամահ արել։
ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, տարիներ շարունակ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Միրա Անտոնյանը Panorama.am-ի հետ զրույցում հիշեցնում է, հանրապետությունում նման ահասարսաուռ դեպքեր ավելի հաճախ տեղի էին ունենում 1990-ական թվականների վերջին 2000-ականների սկզբին։
«Այդ տարիներին մենք ունեցել ենք մեծ թվով մուրացիկներ, այնպես էին թուլացել ընտանիքները, չեք պատկերացնի, շատ էին թուլացել։ Դա պատերազմին հաջորդող շրջանն էր, տնտեսական, հոգեբանական ճգնաժամերը թույլերին ավելի են թուլացնում։ Եթե որևէ մեկը փորձի հաշվել, թե մենք այդ տարիներին տարբեր պատճառներով, այդ թվում սովի, ինչքան երեխաներ կորցրեցինք։ Այդ երեխաները մոռացված են ուղղակի։ Խորշեր էինք հայտնաբերում, գերեզմանոցներում էին ապրում ամբողջ ընտանիքներով, գլորվել էին կյանքի հատակը, ընտանիքներ կային, որամուսինները գնացել էին արտագնա աշխատանքի, չէին վերադարձել։ Ովքեր ուժեղ չէին, անձնային կուռ հատկանիշներ չունեին, կորան, գլորվեցին, սպանություններ եղան, սեփական երեխաներին վաճառելու դեպքեր եղան, խոսում էին օրգանները վաճառելու դեպքերի մասին, մասնավոր մանկատներ բացելու փորձեր են եղել։ Քաոսի մեջ նման երևույթները պարարտ հող են ունենում»,-ասաց Մ. Անտոնյանը։
Նման իրավիճակները բացասաբար ան ազդում նաև ուժեղ մարդկանց վրա՝ նրանք էլ թուլանում են, կորում է թույլին ձեռք մեկնելու ցանկությունն ու պատրաստակամությունը։
«Փոքր համայնքներում կա շատ մեծ բնական ռեսուրս՝ սոցիալական վերահսկողությունը։ Ընտանիքը հաստատ հարևաններ ունի, ընտանիքի երեխաները դպրոց են գնում, ակնկալել, որ օրինակ 5 սոցիալական աշխատող ներգրավելու դեպքում կկարողանանք հարցերն ավելի լավ լուծել, այդպես չէ։ Հայտնի ասացվածք կա, մի ամբողջ գյուղ է մեծացնում երեխային, դա իրոք, այդպես է հատկապես գյուղերում։ Ափսոս, որ դա թուլացել է, որպես սոցիոլոգ ասում եմ, այդպես է, քանի որ ուժեղներն էլ թուլացել են։ Երբ մարդ թուլանում է, կենտրոնանում է իր վրա, այլևս մարդասիրական բաներով չի զբաղվում՝ մտածելով, որտեղ կա սոված երեխա, տանեմ մի բան հասցնեմ»,-ընդգծեց ԵՊՀ դոցենտը։
2000-ականների սկզբին կարողացել են այդ իրավիճակը կամաց-կամաց հաղթահարել, քանի որ գործին լծվել են շատ հասարակական կազմակերպություններ, պետությունը սկսել է ընթացակարգեր մշակել։
«Ոտքի կանգնեցինք, բայց շատ ծանր կորուստների գնով։ Մեզ 5-6 տարի, գուցե նաև 10 տարի պետք կլինի մեր ցավոտ կետերն ու դրանք վերացնելուն ուղղված լուծումները գտնելու համար։ Ժամանակ է պետք լինելու, անշուշտ, այն պահից, երբ կսկսեն կառուցողական պրոցեսները։ Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա մեր երկրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը ռիսկային կերպով կմեծանա, ընտանիքների կողմից լքված ու բռնության ենթարկվող երեխաների թիվը կմեծանա։ Չենք կարող չձեռնարկել, իրավունք չունենք չձեռնարկել, անպայման պետք է ձեռնարկենք»,-ահազանգեց Միրա Անտոնյանը։
Տարիներ շարունակ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետներն ընդգծում են՝ փոքրիկ Տիգրանի մահվան համար մեղավոր են թե պետությունը, թե հասարակությունը՝ ուշացած օրենսդրություն, ժանգոտ համակարգ, մարդկանց կարիքներին անհամապատասխան քիչ թվով սոցիալական աշխատողներ, նրանց ոչ կոմպոտենտություն, դիմացինի խնդիրների նկատմամբ համայնքի, հասարակության անտարբերություն...
«Կրակն ես ընկնում, երբ փորձում ես մի երեխայի պաշտպանել։ Ինքդ ես դառնում անպաշտպան։ Եղել են դեպքեր, երբ ռիսկային, խոցելի ընտանիքից փորձել են հանել երեխային։ Մայր սկսել է ընդդիմանալ, մեր օրենքները պաշտպանում են մամային, մեր դատավորները համարում են, որ բոլոր մամաները լավ մամա են։ Ահավոր երկար, ձգձգված, տհաճ պրոցես է, մենակ ես մնում մամայի դեմ պայքարում, բոլորն աշխատում են շառից հեռու վիճակում լինել»,-պետության կողմից ընդունած առկա օրենսդրական կարգավորումների բացերի հետևանքներից մեկը ներկայացրեց ասոցիացիայի նախագահը։
Նրա խոսքով, երեխային փրկելը, անվտանգ ու ապահով վայր տանելը պետք է լինի բոլորի գերնպատակը, բայց երեխան պետք է տեղափոխվի ոչ թե գիշերօթիկ, այլ օրինակ, հարազատի տուն, կամ ճգնաժամային խնամատար ընտանիք, խնամատար ընտանիք, ճգնաժամային կենտրոն։
«Կրկնակի վնասում ենք երեխաներին գիշօթիկ տանելով, հավատացեք ինձ։ Սխալ քայլ չէր գիշերօթիկ դպրոցների փակումը, բայց բացի դա անելուց, մենք պետք է ձեռնարկեինք այ քայլեր՝ կոմպետետության բարձրացում, սոցիալական աշխատողների թվի ավելացում, աշխատանքային պայմանների լավացում ու մոտիվացիա, ոչ մեծ ծանրաբեռնվածություն, լավ մշակված ընթացակարգեր։
Խիստ կարևոր խնդիր է սոցիալական աշխատողների նվազ թիվը։ Եղածների գերակշիռ մասն էլ հիմնարար կրթություն, աշխատելու բավարար պայմաններ չունի։
«Պատկերացրեք, Հայաստանում ընդամենը 142 սոցիալական աշխատող կա, 72-ը Երևանում են, 70-ը՝ խոշորացված համայնքներում։ Սա համեմատել չեք կարող ոչ ուսուցիչների, ոչ բժիշկների, ոչ էլ այլ մասնագետների թվի հետ։ Այս մարդիկ տարբեր միջազգային կազմակերպությունների օգնությամբ վերապատրաստումներ են անցել, բայց հիմնարար կրթություն չունեն։ Այս մասնագիտության մեջ անձնային հատկությունները շատ կարևոր են, բայց նույնիսկ մարդասեր, սկզբունքային, էթիկապես գրագետ և այլ նպաստավոր հատկանիշներ ունենալու դեպքում գիտելիքի պակասը լուրջ խնդիր է։ Բացի այդ այս համակարգը նման է ժանգոտած, ճռճռացող սայլի։ Պետք է նախ համակարգը դարձնել աշխատող ու ողջունել նվիրյալների մուտքը»,-մանրամասնեց Անտոնյանը։
Այսքանով հանդերձ, Սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահը համոզված է, որ լավ օրենսդրությունը, գործուն մեխանիզմները թույլ կտան նվազեցնել, մեղմացնել նման դեպքերը, սակայն բացառել չեն կարող։
«Շատ դժվար է կանխատեսել, թե որ ընտանիքում հաջորդ դեպքը տեղի կունենա։ Մենք կարող ենք խոսել հազարավոր ռիսկային, խոցելի ընտանիքների մասին, բայց հնարավոր է՝ այնտեղ նման բան տեղի չունենա։ Մեր գործը շատ նման է սրի սայրով քայլելուն, չգիտես, որ պահին ոտքդ այն կկտրի»,-ասաց նա։