Ես տեսել եմ 2019-ին համանախագահների ներկայացրած փաստաթուղթը. Սերժ Սարգսյան
Քաղաքական
23:32 07/11/2025
Հայաստան

Ես տեսել եմ 2019-ին համանախագահների ներկայացրած փաստաթուղթը. Սերժ Սարգսյան

«Հանրությունից թաքցվում էր, որ 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի կառավարիչներին նոր փաստաթուղթ են ներկայացրել»,-ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նա «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման հյուրն է։

Նա նշեց՝ գրեթե մեկ տարի ինքը խոսում էր այն մասին, որ կա նոր փաստաթուղթ, իսկ կառավարիչներն ասում էին՝ չկա։

«Չկա, բայց արտգործնախարարը գնում էր հանդիպումների։ Մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Ես օրինակ, Արցախի Հանրապետության ղեկավարությանն ասել եմ, որ կա նման փաստաթուղթ։ Ասել եմ, խնդրում եմ, գնացեք այդ կառավարիչի մոտ և ասեք, թող ձեզ ցույց տա այդ փաստաթուղթը։ Նրանք էլ բացարձակապես տեղյակ չեն եղել, զարմացան, ասացին, ո՞նց կարող է փաստաթուղթ լինի ու մենք չիմանանք»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Այդ ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր, երկու անգամ էլ հայտարարվեց, որ փաստաթուղթ չկա։

«Ես Ղարաբաղի ղեկավարությանն ասում եմ, լսեք, կա փաստաթուղթ։ Ասում են, ո՞նց կարող է էդքան մարդու ներկայությամբ մեզ չասեն, խաբեն։ Ես էլ ասեցի, ես իմ ասածը ասեցի, իմ ինֆորմացիան ձեզ փոխանցեցի, իրեն եք հավատում, գնացեք, իրեն հավատացեք։ Ասյպես, մինչև 2020-ի մայիսին, թե հունիսի ՌԴ ԱԳՆ-ն հայտաարեց, որ կա նման փաստաթուղթ։ Հիմա ասեմ, ես տեսել եմ այդ փաստաթուղթը, բայց ոչ թե այն ժամանակ, այլ 8-9 ամիս առաջ»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այն հանգիստ կարելի էր օգտագործել որպես բանակցությունների հիմք, քանի որ այնտեղ կային երեք սկզբունքները։

ՀՀ երրորդ նախագահի համոզմամբ, եթե ճիշտ բանակցվեր, ապա այդ փաստաթղթին կգումարվեին ևս երկու փաստաթուղթ՝ հիշեցնելով, որ հետագայում ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ գոյություն է ունեցել 3 փաստաթուղթ։

 «Թե ինչու ինքն իրեն գժի տեղ դրեց, (սա իր խոսքերն են, իմը չեն)... կարծում եմ, որ ինքը պատրաստ չէր փոխզիջումների միջոցով գնալ խնդրի լուծմանը, իսկ առանց փոխզիջումների անհնար էր այդ խնդիրը լուծել։ Եթե ժողովրդական լեզվով ասեմ, ինքն իրեն դրել էր ոչմիթիզականի տեղ, իսկ ոչ միթիզականությունը կործանարար է»,-նկատեց ՀՀ երրորդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder