Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ անել, եթե տուժել եք hellobit(y) ֆինանսական բուրգի գործունեությունից
«Եթե տուժել եք hellobit(y) ֆինանսական բուրգի գործունեությունից, կարող եք դիմել Ձեր տարածքային ոստիկանության բաժին կամ մոտենալ ք.Երևան, Նալբանդյան 130, Քրեական Ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն»։ Այս մասին հայտնում են Կիբեռոստիկանությունից։
Հիշեցնենք, այսօր բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել էին, որ չունեն հասանելիություն Hellobity-ում առկա իրենց գումարներին, ամեն ինչ անհետացել է։
Ավելի վաղ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հայտնել էր, որ Հայաստանում ահռելի տեմպերով տարածում են գտնում տարբեր «ֆինանսական բուրգեր», որոնք, հանդես գալով ՍիթիԲայք, HelloBity և նմանատիպ այլ անվանումներով, առցանց հարթակների միջոցով առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միևնույն ժամանակ խոստանալով նաև բարձր տոկոսներ Ձեր կողմից հարթակ հրավիրված անձանց դիմաց:
Այդպիսի հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց Դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են Ձեր գոյացած «եկամուտը»:
Արդյունքում՝ կուտակելով մեծ թվով ներդրողներ և ֆինանսական միջոցներ, նման հարթակները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց գործունեությունը, և այն անձինք, ովքեր կատարել են «ներդրումներ», կորցնում են ամբողջ գումարը: