Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի սկզբանե պլանավորված սցենար է եղել. Փաստաբանը՝ հղի Սոնա Մնացականյանին մաhաgnւ վրաերթի ենթարկած վարորդին դեռևս ազատության մեջ թողելու մասին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, օգոստոսի 8-ին հրապարակել էր 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատավճիռը, ըստ որի Նիկոլ Փաշինյանի ավտոսարասյան վարորդներից Արամ Նավասարդյանը մեղավոր է և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով՝ ավտոմոբիլ կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 տարի 6ամիս ժամկետով։
Սակայն մինչ օրս Արամ Նավասարդյանն ազատության մեջ է, շարունակում է վարել մեքենա։
Տուժողի իրավահաջորդ Րաֆֆի Ասլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մեղավոր ճանաչված Արամ Նավասարդյանը չէր կարող տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ, քանի որ դատական ակտը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, իսկ դատավճռով նրա խափանման միջոց բացակայելու արգելքը դատավորը չէր փոխել՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
«Եթե փոփոխվեր ու կալանքը որպե խափանման միջոց ընտրվեր, այդ ժամանակ անմիջապես՝ դատական նիստերի դահլիճից, արգելանքի կվերցվեր, հակառակ պարագայում դատավճիռը բողոքարկման ընթացակարգ պետք է անցնի, դրանից հետո մտնի օրինական ուժի մեջ ու նոր տանեն պատիժ կրելու»,- ասաց Ր. Ասլանյանը՝ մանրամասնելով, որ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ հանձնվում է կողմերին, կողմերը չեն բողոքարկում կամ անցնում է բողոքարկման ողջ ընթացակարգը։
Նա ընդգծեց, որ այս պահին խնդիրն այն է, որ երեք ամիս է դատական ակտը չի ուղարկվել կողմերին։ Ր. Ասլանյանը միաժամանակ նշեց, որ համատարած դատական ակտերը կողմերին ուղարկվում են սահմանված ժամկետների խախտումներով՝ դատարանների կողմից ծանրաբեռնվածության պատճառով։
Հարցին՝ արդյո՞ք հատուկ չի ձգձգվում, քանի որ այս գործով 2027թ. ապրիլին լրանում է վաղեմության ժամկետը, Ր. Ասլանյանն ասաց. «Առաջին իսկ օրվանից էլ ձգձգվում է։ 4 տարի է անցել։ Եթե զուգահեռներ անցկացնենք, օրինակ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործի հետ, դատավճիռը կայացրեցին, միանգամից այդ դատավճռով որպես խափանման միջոց կալանք ընտրեցին, իսկ Սոնա Մնացականյանի մահվան գործով թողեցին բացակայելու արգելքն անփոփոխ, նույնիսկ պաշտոնվարումը չի կասցվել, մինչև օրս Արամ Նավասարդյանն ուղեցում է Նիկոլ Փաշինյանին։
Այսինքն, քաղաքական շահերի երկու ասպեկտ ենք տեսնում՝ մի դեպքում, երբ իշխանությանը պետք է մարդուն կալանավորել, հրահանգում է կալանավորել, մյուս դեպքում հրահանգում է թողնել ազատության մեջ։
Պրակտիկայում դատական ակտեր են լինում, որ 7-8 ամիս հետո նոր տալիս են կողմերին։ Քաղաքական հարց կա. կան գործեր, ինչպես նշեցի, Դավիթ Համբարձումյանի, նաև Միքայել Սրբազանի, հրահանգում են արագ տալ դատական ակտերը, բայց այս դեպքում հակառակը՝ արագ տալու կամք չկա։ Եթե դատավորին ասեն՝ արագ տալ, ամբողջ ծանրաբեռնվածությունը կթողնի, դատական ակտը կգրի, կտա, բայց այս դեպքում դատավորին չեն անհանգստացրել»։
Րաֆֆի Ասլանյանը հնարավոր, հավանական է համարում, որ գործով վաղեմության ժամկետը կանցնի, Արամ Նավասարդյանն իր նկատմամբ նշանակված պատիժը չկրի։
Ըստ փաստաբանի, ի սկզբանե պլանավորված սցենար է եղել՝ վարորդին թողնել ազատության մեջ ու խաղալ ժամկետի վրա։
«Իսկ ավտոշարասյան ղեկավար կազմի գործով, որն արդեն 4-րդ տարի քննվում է, երկու անգամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել, դատարանները երկու անգամ խախտում են արձանագրել, վերացրել են։ Այս գործն էլ է շրջապտույտի մեջ, 2027-ին այս գործի վաղեմության ժամկետն էլ կլրանա»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը։
Հիշեցնենք, որ դատարանը Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչել 2003 թ. Ընդունված ՔՕ 242-րդ 2 մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,
որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքներում։
2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։