Գոհար Մելոյան. Իրավապահ մարմինների միջոցով իշխանությունները փակում են ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցը
Իրավունք
12:32 13/11/2025
Հայաստան

Գոհար Մելոյան. Իրավապահ մարմինների միջոցով իշխանությունները փակում են ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցը

«Մամուլի և տեղեկատվության ազատության նոր «բարձունքը» բաստիոնում»,-գրում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն ՀԿ ղեկավար, սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով AntiFake.am -ի խմբագրության խուզարկությանն ու տեխնիկայի առգրավմանը։

Նա շարունակում է.

«AntiFake.am մեդիա հարթակի տեխնիկայի առգրավումը չունի որևէ քրեադատավարական իմաստ կամ նշանակություն։

Իշխանությունները, առգրավելով հարթակի ամբողջ տեխնիկան, դիտավորյալ կերպով կազմալուծում են ընդդիմադիր և պոպուլյար մեդիա հարթակի գործունեությունը։

Ակնհայտ է, որ առգրավված տեխնիկան որևէ առնչություն կամ ապացուցողական նշանակություն չունի խուլիգանության հանցակազմով քննվող գործի հետ։

«Իմնեմինիմի» հաղորդաշարը հրապարակվում է YouTube հարթակում և հասանելի է բոլորին, իսկ ենթադրյալ հանցագործության նյութերը առկա են հրապարակված տեսանյութերում։

Հետևաբար, տեխնիկան չունի որևէ դատավարական կշիռ և չի պարունակում ապացուցման ենթակա որևէ փաստական տվյալ։ Վարույթի քննության տեսանկյունից սա բացարձակ անիմաստ գործողություն է

Ակնհայտ է, որ այս քայլի իրական նպատակը ընդդիմադիր ԶԼՄ-ի կազմալուծումն է և հանրության շրջանում լայն դիտումներ ունեցող ընդդիմադիր հաղորդաշարերի՝ օրինակ՝ «Ղազարյան ընդդեմ Ղազարյան» կամ Antifake զրույց՝ հաղորդումների փակումը։

Այսինքն, իրավապահ մարմինների միջոցով իշխանությունները փակում են ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցը։ Սա աննախադեպ երևույթ է վերջին յոթ տարվա ընթացքում»։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder