Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Իրավունք
18:24 20/11/2025
Հայաստան

Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստին դատախազը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը։

«Հիմք ընդունել այն հանգամանքը, որ  շարունակում են առկա լինել հանցանք կատարելու, վարույթի քննությանը խոչընդոտելու, ապացուցողական  գործընթացին միջամտելու հավանականությունը»,- որպես կալանքի երկարաձգման պատճառ նշեց դատախազը։

Փաստաբան Տաթև Սողոյանն ասաց, որ Լիդյա Մանթաշյանը 5 ամիս ոչ միայն կալանքի տակ է, ընդհանրապես արտաքին աշխարհից կտրված է, նույնիսկ պատգամավորներն իրավունք չունեն տեսակցել նրան։ 

«Երբ որ փորձում եմ խորանալ, թե ինչ ապացույց կա,  մեղադրական եզրակացությունն ինչ է հղում անում, պարզվում է  կա մի խոսակցության Լիդյա Մանթաշյանի և Մովսես Շարբաթյանի միջև, որտեղ երկուսով գունավոր ծուխ են փորձարկում, նոթատերերը, ժողովրդական անցման այդ տխրահռչակ փաստաթուղթ, որը ևս որևէ բռնի գործողություն կատարելու տվյալ չի պարունակում»,- նշեց նա։ 

Փաստաբանը միջնորդեց փոխել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը. «Կիրառեք ինչ համակցություն ուզում եք,  ինչ նպատակահարմար կգտնեք, բայց պնդում եմ, որ Լիդյա Մանթաշյանի կալանքը պետք է փոխվի»։ 

Լիդյա Մանթաշյանն իր խոսքում նշեց, որ նույնիսկ քրեակատարողական հիմնարկում են տարօրինակ համարվում, որ իր նկատմամբ կիրառված արգելանքները հանված չեն։

«Այնպիսի տպավորություն է, որ այս շինծու քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ։ Սա պատժի ձև է, գիտեմ, ինչի համար են ինձ պատժում։ Որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել ու նեղվում են դրանից։ Կարող էին գործ հարուցել որպես զրպարտություն, բայց քանի որ զրպարտություն չի եղել, այս գործի մեջ են ինձ խցկել։ 

Այս գործը կարել են»,- ասաց նա։ 

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Լիդյա Մանթաշյանը կալանավորվել է հունիսի 26-ին, իսկ օգոստոսի 20-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր երեք ամսով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ