Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դոհայում անցկացված խառը մենամարտերի UFC 265 մրցաշարում թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) մենամարտեց Դեն Հուքերի (Նոր Զելանդիա) հետ և հաղթեց խեղդող հնարքով:
Հայ մարտիկը օկտագոն դուրս եկավ հայկական զուռնայի հնչյունների ներքո: Նրան մարզադահլիճում աջակցում էին մեծ թվով հայ երկրպագուներ Հայաստանի և Արցախի դրոշներով: Ծառուկյանին մարզադահլիճում աջակցում էին նաև ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը: Օկտագոն դուրս գալուն պես ամբողջ դահլիճը վանկարկում էր Արման Ծառուկյանի անունը:
Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդի երկրորդ րոպեում մրցակցին տապալեց գետնին, իրար հաջորդող հարվածներից հետո խեղդող հնարքով ավարտեց մենամարտը:
«Շնորհակալ եմ Դեն Հուքերին: Նրա շնորհիվ ես մենամարտեցի այս տարի: Կա միայն մեկ հավակնորդ: Իլիյա, որտե՞ղ ես: Բավական է ընտրես թեթև մրցակիցների: Ես պետք է պայքարեմ գոտու համար: Պատրաստ եմ մենամարտել հունվարին»,-մենամարտից հետո ասել է Արման Ծառուկյանը:
Թեթև քաշային կարգում UFC չեմպիոնը Իսպանիան ներկայացնող վրացի Իլիյա Տոպուրիան է։
Արման Ծառուկյանը դարձավ չեմպիոնական տիտղոսի հավակնորդ։
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, որից 9 նոկաուտով և կրել 3 պարտություն: Նոր Զելանդիան ներկայացնող Դեն Հուքերը 35 տարեկան է: UFC-ում ունի 24 հաղթանակ 12 պարտություն: