Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը. Տեր Եսային՝ «Եպիսկոպոսաց հայտարարության» մասին
Հասարակություն
17:52 27/11/2025
Հայաստան

Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը. Տեր Եսային՝ «Եպիսկոպոսաց հայտարարության» մասին

«Հիշյալ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը»,-Panorama.am-ին փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝  անդրադառնալով  այսօր համացանցում տարածված մի գրության լուսապատճենի, որը վերագրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսներին։

Տեր Եսային ասաց, որ այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն։

Ըստ այդ գրության փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, նշվում է, որ «վարքագիծն անհամատեղելի է Հայ եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը»։ «Եպիսկոպոսաց հայտարարության» տակ նշված է 13 եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի անուն-ազգանուններ, սակայն ոչ բոլորի ստորագրությունն է առկա։ 

Panorama.am-ը զանգահարեց ստորագրած եպիսկոպոսներից մի քանիսին, սակայն կամ չէին պատասխանում զանգերին կամ անհասանելի էին։ 

Այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ասել էր. «Պետք է հասկանալ՝ այն գրությունը, որը շրջանառվում է, արդյոք վավերական է, թե ոչ։ Երբ որ դա կհաստատվի, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ։ Երբ որ ստորագրող անձինք կհաստատեն, այն ժամանակ ես իմ հետևությունները կանեմ, այդ թեմայի շուրջ ավելի հանգամանալից, պատշաճ ձևաչափով կզրուցենք»։

Այդ հայտարարության տակ նշված է նաև Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի անունը։ Սրբազանն այսօր լրագրողներին ասել էր. «Ես տեղյակ չեմ զարգացումներին, հետևաբար անկեղծորեն ոչինչ այս պահին չեմ կարող ասել։ Իմ անունը կա այտեղ, բայց ստորագրությունը չկա։ Եթե ծանոթանայի, չգիտեմ՝ կստորագրեի, թե՞ ոչ։ Կարծում եմ դա մի այնպիսի տեքստ է, որ մեծ հավանականությամբ պետք է ոչ միայն ծանոթանալ, այլ շատ ուշադիր ամեն բառի վրա մտածել, հասկանալ ինչ են իմ հոգևոր եղբայրները գրել և ինչ է պահանջը։ Վստահաբար, այն անձերը, որոնք ստորագրել են, համաձայն են տեքստի բովանդակությանը, ոճին, և ուրեմն կրում են պատասխանատվությունը»։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանն ասել էր. «Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն։ Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Այդ պնդումը հիմնված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու և իրականացնելու ընթացակարգերի վրա։

Բացի այդ, ակնհայտ է, որ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում՝ հիշատակվող եպիսկոպոսներին՝ նախաքննության գաղտնիության պահանջների պատճառով։

Հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը՝ գտնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder