ՈՒՂԻՂ. Ակամա ես հայտնվել եմ ծավալվող որոշ իրադարձությունների առանցքում. Արշակ Սրբազան
Հասարակություն
11:05 01/12/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Ակամա ես հայտնվել եմ ծավալվող որոշ իրադարձությունների առանցքում. Արշակ Սրբազան

Սուրբ Էջմիածնում՝ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկել է Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպս. Խաչատրյանի մամլո ասուլիսը։ Լրագրողների հետ հանդիպման մեկնարկին Սրբազանը հնչեցրեց տերունական աղոթքը։

«Ակամա ես հայտնվել եմ ծավալվող որոշ իրադարձությունների առանցքում։ Կուզեի, դրանց շրջանակներում տեղ գտնող զրույցներին, մեկնաբանություններին պարզաբանումներ ներկայացնել, որպեսզի հանրությունը իրազեկված լինի իմ մոտեցումներին, դիրքորոշումներին»,-հայտարարեց Արշակ Սրբազանը։

Պատասխանելով հնչած հարցերին, Մայր Աթոռի դիվանապետն ասաց, տեղյակ են իր դիրքորոշումներին 2020-ի պատերազմից հետո, իսկ մինչ այդ 2018-ին վերապահումներ է ունեցել Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացների վերաբերյալ։

«Իմ վերապահումները հանրային կերպով չեմ արտահայտել՝ հաշվի առնելով իշխանությանը հանրության լայն շրջանակների աջակցությունը, հույս ունենալով, որ միգուցե ես եմ սխալվել, միգուցե սա այն է, ինչ անհրաժեշտ է այսօր Հայաստանին։ Դժբախտաբար, ես ցավում եմ, որ այս դեպքում չեմ սխալվել»,-ասաց Արշակ Սրբազանը՝ ավելացնելով, որ այն անձը, որ առաջնորդում էր քաղաքական պրոցեսը Հայաստանում որևէ վստահություն չէր ներշնչում իրեն։

Արքեպիսկոպոսն ասաց, նրա կենսագրության պարզ վերլուծությունն իրեն հուշել է, որ որևէ դրական տեղաշարժ, որևէ լուսավոր հեռանկար հնարավոր չէ ակնկալել այդ մարդու առաջնորդած շարժումից։

«Դա մի մարդ էր, որ իր ողջ կենսագրության ընթացքում առաջնորդվել էր շանտաժով, վիրավորական, զրպարտչական բնույթի գործելաոճով, որն արտահայտված է իր կողմից հեղինակած գրքում։ Բայց ի սեր Աստծու, ես չպետք է լինեի այն անձը, որը պետք է փորձեր ժողովրդական սպասումները խափանել, չարագուշալ մարգարեի պատմուճան հագնել։ Եվ դժբախտաբար 2020 թվականին տեղի ունեցավ այն, ինչ ավերել է բոլորիս կյանքը։ մենք կորցրեցինք Արցախը, ազգային համերաշխությունը, կեղծ ու արհեստական պատճառաբանություններով ձերբակալվեցին բազմաթիվ մարդիկ, պառակտվեց հասարակությունը։ Եվ իհարկե, այդ պայմաններում ես անբարոյական եմ համարել թե որպես եկեղեցական, թե որպես անձ իմ դիրքորոշումը չարտահայտել։ Ես այդ դիրքորոշումն արտահայտել եմ, և այդ անձը, անձինք, որ այդպիսի արհավիրք են բերել մեր երկրի ուժողովրդի գ․խին, չի կարող մնալ իշխանության գլխին։ Օր առաջ նրանք պետք է հեռանան։ Ես արտահայտել եմ իմ դիրքորոշումները, և բնականաբանր դրանք դուր չեն եկել իշխանություններին և վարչախմբին»,-ասաց Արշակ Սրբազանը։

Նա նաև ասաց, որ դիրքորոշումների հետ կապված մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, անուններ չի ցանկանում նշել։

«Ինձ ԱԱԾ չեն կանչել։ Ծանուցագրեր չեն եղել, պարզապես եղել են հրավերներ հանդիպումների, և մենք հանդիպել ենք։ Հանդիպումների ընթացքում իրենք իրենց դիրքորոշումներն են արտահայտել։ Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու։ Դժվարանում եմ ասել, մեղքը չառնեմ ուրիշների, ակնարկներ եղել են, բայց որոշապես հասկանալի դարձել է, որ, թող Աստված ների իմ մեծամտության համար, եթե այդպես կընկալվի, որ ես այն անձը չեմ, որի նկատմամաբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոմնք չեն բխում իմ համոզումներից»,-ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ համացանցում Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութեր էին տարածվել, որոնք արված էին լոգարանում։ ՔԿ-ից հայտնեցին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։ Սրբազանը հրավիրվել է ՔԿ։

«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, վերահաստատելով իր պնդումը, որ օրվա քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնարին է վստահել, հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը»,-հայտարարել է Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Ակամա ես հայտնվել եմ ծավալվող որոշ իրադարձությունների առանցքում. Արշակ Սրբազան