Նախկին ամուսնու ներգործության վարկվածը հերքվել է. Հրազդանում հայտնի հրուշակագործի՝ աղմուկ հանած դեպքի հետքերով
Իրավունք
15:01 03/12/2025
Հայաստան

Նախկին ամուսնու ներգործության վարկվածը հերքվել է. Հրազդանում հայտնի հրուշակագործի՝ աղմուկ հանած դեպքի հետքերով

Այս տարվա ապրիլին Հրազդան քաղաքում 40-ամյա հայտնի հրուշակագործ կնոջը՝ «Միլի տորթեր»-ի հիմնադիր Ս. Պ-ին գտել էին կախված վիճակում։ Դեպքին հաջորդեցին տարբեր քննարկումներ, մեղավորներ կարգվեցին, սկսեցին շրջանառվել տարբեր պատմություններ։ Հայտնի  է, որ կինն ամուսնալուծված էր, ուներ երեխաներ։

Քրեական վարույթ հարուցվեց ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Որպես հնարավոր կասկածյալ ոստիկանութուն էր տարվել նաև կնոջ նախկին ամուսինը։

«Ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախաքննության ընթացքում մեր կողմից ներկայացված անառարկելի փաստերի ճնշման ներքո դատախազությունը ձեռնպահ մնաց մեր վստահորդ, ինքնասպանություն գործած կնոջ նախկին ամուսնու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աշոտ Սիմոնյանը։

Նրա խոսքով, սովորաբար ինքնսպանության դեպքերում առաջին հերթին որպես վարկած է առաջ քաշվում կողակցի, զուգընկերոջ ներգործությունը կամ նրա կողմից միջամտությունը։

«Այս վարույթի շրջանակում էլ այս վարկածը կար, ապրում էր, նախաքննություն էր իրականացվում։ Բայց բնականաբար, այդպիսի բան չկար։ Որոշակի քննչական գործողությունների արդյունքում հերքվեց այդ վարկածը։ Հիմա այդ մարդն ազատության մեջ է, երեխաների հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ է»,-ասաց փաստաբանը։

ՔԿ-ից հայտնեցին, որ ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի անձի մահը վրա է հասել ինքնասպանություն գործելու՝ կախվելու միջոցով։ Այս պահին քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder